3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը դատախազություն, քննչական վարչություն եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին փաստեր է ուղարկել, հարցերի պատասխան է ակնկալում եւ 10 օրվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: «Մի շարք հարցեր եմ տվել եւ դրանց պատասխանին եմ սպասում: Բավականին լուրջ փաստաթղթեր կան, որոնց պետք է պատասխանեն: Եթե դրանց պատասխան տան, ուրեմն գործը բացահայտված է: Եթե հարցերի պատասխանը չստանամ, նոր ուժեղ, բացահայտ հակահարձակման կդիմեմ փաստերով, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվում»,- ասաց Պետրոս Մհերյանը:
«10 օրից ավելի սպասելը դուրս է գալիս, որ այս 3-4 տարվա պատմությունն է կրկնվելու, իսկ ես դա թույլ չեմ տա»,-ասաց նա: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Մոսկվան եւս հետաքրքրված է իր որդու սպանության բացահայտմամբ: «Ես թմրամոլ որդի չեմ ունեցել: Նա եղել է Հանրապետության դեմքերից մեկը»,- ավելացրեց Պետրոս Մհերյանը:
Ավելի վաղ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից եւ այն բանից, թե քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար. հենց այդ ամենի համար էլ նա սպանվել է: «Պետք է ուշադիր լինել այդ ցուցակներին եւ կտեսնեք, որ ոչ միայն ջավախահայերն են այստեղ անձնագրեր ստացել, այլեւ վրացիները, որոնք հայի են վերածվել: Եվ այդ ամենն այն ժամանակվա անձնագրերի եւ վիզաների վարչության պետ` Ալվինա Զաքարյանի թեթեւ ձեռքով»,- ընդգծել էր Գուրգեն Եղիազարյանը, ով վստահ է, որ Գեւորգ Մհերյանի սպանությանն պատճառը հենց այդ անձնագրային պատմություններն են:
NEWS.am-ը անձնագրային ցուցակների կեղծման վարկածի շուրջ զրուցել էր նաեւ Գեւորգ Մհերյանի հոր` Պետրոս Մհերյանի հետ, ով նշել էր. «Դա վարկած է, որի վրա աշխատում են եւ կարող է դա լինել պատճառը: Խնդրում եմ բավարարվեք այսքանով»: Պետրոս Մհերյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ որդուն կյանքից զրկողը հենց սպանությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց ոչ թե սպանության, այլ խարդախության մեղադրանքով: Ինչպես նաեւ նշել էր, որ սպանությունից հետո Գեւորգ Մհերյանի ֆլեշկան անհետացել է: «Այդ ֆլեշկան իր աշխատասենյակից անհետացել է եւ ոչ միայն դա: Անհետացել է նաեւ ֆաքսը: Դրա ուղղությամբ էլ է աշխատանքներ տարվում, առայժմ նորություններ չկան, բայց անհետացել են որոշակի բաներ աշխատասենյակից հենց 1-ին օրը: Ես աշխատանքի հետ կապված հարցերով տղայիս հետ չէի խոսում, բայց առաջնորդվելով իմ տրամաբանությամբ, հարց է ծագում, թե ինչո՞ւ է անհետացել «ֆլեշկան»: Հիշեցնենք, որ 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ սույն գործով նյութերը նախաքննական մարմնի մոտ են եւ այս պահի դրությամբ նախաքննության շահերից ելնելով, հրապարկման ենթակա որեւէ տեղեկատվություն գործի վերաբերյալ չի կարող տալ:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























