Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսլր` մայիսի 15-ին, տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը, որին մասնակցել են նաեւ հայաստանյան թեմերի առաջնորդները եւ Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները:
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել օրերս Վրաստանում երկրաշարժի եւ ջրհեղեղի հետեւանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվել են Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները ցավակցություն են հայտնել վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Ցավով արձանագրվել է նաեւ այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ է հաղորդել Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի եւ այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Այս առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական է տրվել շարունակել աշխատանքները վրաց պատկան մարմինների հետ` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաեւ Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:
Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանություններն` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին եւ բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ եւ զերծ պահելու փլուզումներից:
Ժողովի ընթացքում նաեւ հանձնարարական է տրվել թեմակալ առաջնորդներին` հետեւողական աշխատանքով ամբողջացնել թեմերում առկա եկեղեցապատկան կալվածքների գույքագրումը եւ միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության եւ առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման համար: Հանձնարարվել է նաեւ արագացնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին իրավականորեն չպատկանող, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող այն եկեղեցիների եւ սրբավայրերի ցանկագրման եւ ներկայացման գործընթացը, որոնք անհրաժեշտ են թեմերին գործունեության արդյունավետ իրականացման համար:


























