Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն ընդգծել է «Ադրբեջանի զարգացման, ինչպես նաև Մինսկի ու Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդման գործում» նրա ներդրումը։

«Ձեր հայրենասիրությունը, Ադրբեջանի նկատմամբ աննկուն ծառայությունը, ինչպես նաև ազգային զարգացման առանցքային հարցերում խորապես ներգրավված լինելը հարգանք ու հիացմունք են առաջացնում», — նշված է Լուկաշենկոյի նամակում։

Բելառուսի առաջնորդը շեշտել է նաև «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում» Ալիևայի անձնական ավանդը ։

«Բելառուսում բարձր են գնահատում Մինսկի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության խորացման, ինչպես նաև վստահության ու փոխըմբռնման մթնոլորտի պահպանման գործում Ձեր անձնական ներդրումը, ինչի շնորհիվ մեր հարաբերություններն իրավամբ կարելի է համարել իսկական բարեկամության օրինակ», — նշել է Լուկաշենկոն։

Նա վստահություն է հայտնել, որ Ալիևայի գործունեությունն այսուհետ ևս նպաստելու է համատեղ ծրագրերի իրականացմանն ու Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնմանը։

«Ի սրտե Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, մաղթում եմ առողջություն, բարօրություն և նոր ձեռքբերումների ներշնչանք», — ասված է շնորհավորանքում։

Վլադիմիր Պուտինն իր հերթին Ալիևային մաղթել է առողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։

«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ։ Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության Ձեր պատասխանատու պաշտոնում», — ասված է ՌԴ նախագահի ուղերձում։

Պուտինը նաև խնդրել է «ջերմ ողջույններ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ընտանիքի բոլոր անդամներին։