Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 788-ի, ևս 2,5 հազարը համարվում է անհետ կորած։ Իշխանությունները տուժած շրջանների բնակիչներին նախազգուշացրել են հնարավոր նոր վարարումների մասին, հաղորդում է CBS News-ը։
Ջրի մակարդակի նոր բարձրացման հավանականության մասին նախազգուշացումները բնակիչների հեռախոսներին ստացվել են կիրակի վաղ առավոտյան, այն բանից հետո, երբ Բհոտեկոշի գետում ջրի մակարդակը սկսել է բարձրանալ։ Նեպալի Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային վարչության ղեկավար Դհարմարաջա Ուպրետին հայտնել է, որ չինական իշխանությունները Նեպալին տեղեկացրել են հոսանքի վերին հատվածում ջրի հոսքի մեծացման մասին։
Մինչդեռ փրկարարները փորձում են մաքրել խոշոր ավտոճանապարհը, որը կապում է Կատմանդուն երկրի ամենաշատ տուժած շրջաններից մեկի հետ։
Ավերված գյուղերի բնակիչները պատմում են, որ ստիպված են անընդհատ արձագանքել նոր նախազգուշացումներին և բարձրադիր վայրերում ապաստան փնտրել, այդ թվում՝ գիշերային ժամերին։ Տեղացիներից մեկը՝ Գովինդ Շրեշտան, պատմել է, որ ինքը ստիպված է 72-ամյա հորն ու 70-ամյա մորը տեղափոխել անվտանգ վայր։
Ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Դհադինգում, բնակիչները սկսել են վերադառնալ ավերված տներ՝ փրկված իրեր գտնելու հույսով։ Այն շենքերում, որոնց պատերը ջուրը քշել-տարել է, մարդիկ պատշգամբներն ու պատուհանների բացվածքները մաքրում են ցեխից և բեկորներից։ Ոմանք փորձում են տիղմի շերտում գտնել իրեր, որոնք կարելի է փրկել։
«Ամեն ինչ ավերված է։ Ոչինչ չի մնացել։ Նույնիսկ մեր տունը», — պատմել է տեղացի բնակչուհի Շարմիլա Թամանգը։
Ջրհեղեղից խիստ տուժած էլեկտրակայանում մասնագետները սկսել են գնահատել վնասը։ Օբյեկտը էլեկտրաէներգիա է մատակարարում չորս շրջանների ավելի քան 20 հազար բնակչի։
Սահմանի չինական կողմում, ՉԺՀ իշխանությունների տվյալներով, զոհվել է 16 մարդ, ևս 546-ը համարվում է անհետ կորած։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Պիգոն հայտնել է, որ Նեպալում որոնվում է ԱՄՆ 85 քաղաքացի։ Ինը մարդու հաջողվել է անվտանգ տարհանել։ Ըստ նրա, ԱՄՆ զոհված քաղաքացիների մասին տեղեկություն առայժմ չկա։
«Այժմ մենք անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ գնահատելու նրանց կարիքները։ Աղետներին արձագանքման մեր մասնագետն արդեն տեղում է և համագործակցում է իշխանությունների հետ՝ որոշելու, թե ինչ օգնություն կարող ենք ցուցաբերել», — հայտարարել է Պիգոտը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Նեպալին հատկացրել է 3,6 մլն դոլարի հրատապ մարդասիրական օգնություն։ Մասնավորապես, այդ միջոցները հնարավորություն կտան մինչև 10 հազար տնային տնտեսության մինչև երեք ամսով ապահովել պարենով։
Անհետ կորածների թվում կան նաև ավելի քան մեկ տասնյակ երկրների հարյուրավոր քաղաքացիներ, որոնք տարածաշրջան էին ժամանել աշխատանքի, զբոսաշրջության, ալպինիզմի կամ ուխտագնացության նպատակով։
Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Տիբեթում անհետ կորած է համարվում 261 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 100 Նեպալի քաղաքացի։
Աղետաբեր վարարումները սկսվել են չորեքշաբթի՝ Հիմալայների բարձրլեռնային շրջանում սառցադաշտի փլուզումից հետո։ Գիտնականների տվյալներով, սառցադաշտի տակ տեղի է ունեցել հիմնային ապարի փլուզում, ինչի հետևանքով սառցադաշտի մի մասն էլ սահել է ներքև։ Փլուզման մասշտաբը համարժեք է եղել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։
Փլուզված ապարներն ու հալոցքային ջուրը կտրուկ մեծացրել են գետերի ջրի ծավալը՝ առաջացնելով հզոր հոսք, որը ավերել է շենքեր, կամուրջներ և այլ օբյեկտներ Տիբեթում և Նեպալում։
Նեպալի արտաքին գործերի նախարար Շիշիր Խանալը համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելի ակտիվ պայքարել կլիմայի փոփոխության դեմ։
«Չնայած այն հանգամանքին, որ Նեպալի բաժինը համաշխարհային արտանետումներում կազմում է ընդամենը 0,1%, նրա բնակիչները դարձել են կլիմայի փոփոխության գլխավոր զոհերից մեկը», — հայտարարել է նա։
Գիտնականներն առայժմ տեղի ունեցած աղետը ուղղակիորեն չեն կապում գլոբալ տաքացման հետ, սակայն նշում են, որ մարդու գործունեության հետևանքով մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է նման տարերային աղետների հավանականությունը։ Հատկապես խոցելի են Հիմալայները, որտեղ տաքացումը տեղի է ունենում զգալիորեն ավելի արագ, քան աշխարհի շատ այլ տարածաշրջաններում։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտնել է, որ երկիրը Նեպալ կուղարկի որոնողափրկարարական խումբ՝ աղետի հետևանքների վերացման և Մալայզիայի տուժած քաղաքացիների տարհանման աշխատանքներին մասնակցելու համար։ Բացի այդ, Կուալա-Լումպուրը Նեպալին կհատկացնի 1 մլն դոլարի ֆինանսական օգնություն։


























