ՀՅԴաշնակցության՝ ընդդիմության շարքերն անցնելուց հետո նրա ոչ մի առաջարկը չի ընդունվել կառավարության կողմից, անգամ այն ծրագրերը, որոնք առաջարկվել էին կոալիցիային մաս կազմելու ժամանակ եւ իրագործման փուլում էին, մերժվել են: Այդ ամենը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններում ղեկավարվում են ոչ թե քաղաքական կամ տնտեսական նպատակահարմարությամբ, այլ քաղաքական կոնյուկտուրայով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ կառավարությունը մերժել է անգամ ՀՅԴ այն առաջարկը, ըստ որի՝ պետք է ավելացվեին անվտանգության գոտու վերաբնակեցման համար Լեռնային Ղարաբաղին տրվող գումարները: Մինասյանը նաեւ կոշտ քննադատության ենթարկեց իշխանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով, որ կառավարության անգրագետ գործողությունների պատճառով Հայաստանի տնտեսությունը այսուհետ եւս կախված է լինելու միջազգային շուկայից: Ինչ վերաբերվում է Հայաստանի նախաճգնաժամային ձեռքբերումներին եւ ՀՆԱ երկնիշ աճին, պատգամավորը նշեց, որ այդ ամենն ընդամենը պղպջակ է, եթե չի ազդում բնակչության սոցիալական մակարդակի վրա: Ըստ Մինասյանի՝ ողբալի վիճակում է նաեւ Հայաստանի բանկային ոլորտը, որն ընդհանրապես չի կայացել:

Մինասյանն ընդգծեց, որ կառավարության գործադրած քայլերի շնորհիվ հնարավոր է ստվերից հանել միայն տնտեսության 4 տոկոսը, մինչդեռ ըստ ՀՅԴ հաշվարկների՝ Հայաստանում ստվերի մակարդակը կազմում է 41 տոկոս, որոշ հաշվարկներով, անգամ՝ մինչեւ 60 տոկոս, իսկ 41 տոկոսը գումարային հաշվարկով կազմում 243 մլրդ դրամ: