Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2026 թվականի նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, որոնց արդյունքներով դատախաղ-մրցույթի հաղթող թիմ է ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմը (թիմ 3)։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել էր «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։
«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթում իրենց ուժերն են փորձել Հայաստանում գործող տարբեր բուհերի 55 ուսանողներից բաղկացած 14 թիմեր:
Մրցույթին՝ որպես դատավորներ, ներգրավված են եղել ավելի քան 40 իրավաբան՝ դատավորներ, դատախազներ, փաստաբաններ և իրավաբան-գիտնականներ։
Դատախաղ-մրցույթի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 24-ին մրցույթի մասնակիցների համար Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր Վարպետաց դաս։
2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին Երևանի պետական համալսարանում անցկացվել էր նախընտրական՝ բանավոր երկօրյա փուլը, որի ընթացքում մասնակիցները հանդես էին եկել հայցվորի և պատասխանողի դիրքերից՝ առաջադրված խնդրի վերաբերյալ ներկայացնելով իրենց իրավական փաստարկները, պաշտպանելով դիրքորոշումներն ու պատասխանելով դատավորների հարցերին։
Նախընտրական փուլի արդյունքներով՝ կիսաեզրափակիչ փուլ էին անցել 4 թիմեր՝ մեկական թիմ՝ Երևանի պետական համալսարանից ու Պետական կառավարման ակադեմիայից և երկու թիմ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից։
Գլխավոր դատախազության շենքում 2026 թվականի նոյեմբերի 1-ին ամփոփվել են մրցույթի կիզաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի արդյունքները։




Դատախաղ մրցույթի մեկնարկից առաջ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում ներգրավված բոլոր բուհերին՝ ակտիվ և որակյալ մասնակցության համար ու ընդգծել, որ դատախաղը նվիրված է պատվարժան մարդու՝ պետական շահերի պաշտպանության ոլորտին մեծ ուշադրություն դարձրած՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հիշատակին, ում ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Մեր թիմի մեծագույն ջանքերով, մենք այսօր վերակենդանացնում ենք պետական շահերի պաշտպանության գործառույթը: Մեր նպատակն է, որ դուք հետաքրքվեք այս ոլորտով, սիրեք այս ոլորտն այնպես, ինչպես մենք ենք արդեն սիրել և կարողանաք փոխարինել մեզ, երբ կավարտեք բուհը և ցանկություն կունենաք աշխատել Դատախազությունում: Հաղթող թիմն այսօր կլինի առաջինը Հայաստանի Հանրապետությունում, ով կստանա հուշամեդալ՝ նվիրված Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։ Այս գործընթացում մենք էլ մեր հերթին արել ենք առավելագույնը, որ լինենք մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ հասկանալի և մաքսիմալ բարեվարք»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս ողջունել է դատախաղ-մրցույթի մասնակիցներին և նշել, որ Գլխավոր դատախազությունում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան ստեղծվել է նաև նման միջոցառումներ անցկացնելու նպատակով։ «Այսօրվա աշխարհում ամենակարևոր կապիտալը գիտելիքն է, դրա միջոցով եք հարթելու ձեր կյանքի ապագան»,- ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանն ու հաջողություն մաղթել թիմերին:
Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի փոխտնօրեն Արման Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին նախաձեռնության համար և կոչ է արել մասնակիցներին չվախենալ սխալներից, խորհրդանշական «պարտությունից», աշխատել սխալների վրա, որպեսզի հետագայում, իրական դատավարություններում ներկայանան մասնագիտական որակյալ փորձով ու կարողություններով։
Մրցույթի արդյունքներով՝ 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը (թիմ 3)` հավաքելով 278 միավոր՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած՝ Երևանի պետական համալսարանի թիմին (թիմ 7) գերազանցելով 1 միավորով։
«Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու թիմեր՝ մեկը՝ Հայցադիմումի, մյուսը՝ Հայցադիմումի պատասխանի համար։ Մասնավորապես՝
1. «Լավագույն հայցադիմում» է ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի (թիմ 3) ներկայացրած աշխատանքը՝ վաստակելով հնարավոր 300 միավորից 272-ը։
2. «Լավագույն հայցադիմումի պատասխան» է ճանաչվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմի ներկայացրած աշխատանքը՝ վաստակելով հնարավոր 300 միավորից 282-ը։
«Լավագույն բանախոսներ» անվանակարգում մրցանակների են արժանացել բանավոր փուլում իրենց անհատական ելույթներով առանձնացած և առավելագույն միավորներ ստացած մասնակիցները՝ Երևանի պետական համալսարանի ուսանողներ Նանե Գևորգյանը և Ռոբերտ Սարգսյանը։
Մրցույթի հաղթող թիմին` Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմ 3-ին, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից շնորհվել է ՀՀ դատախազության կողմից թողարկված «Արտավազդ Գևորգյանի անվան» հուշամեդալը։
Ամփոփելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» առաջին դատախաղ-մրցույթին նվիրված միջոցառումը՝ ՀՀ գլխավոր դատախազը կրկին շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալսարանին և Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին՝ մրցույթի կազմակերպմանը ներդրած համատեղ ջանքերի համար, 40 դատավորներին՝ օբյեկտիվ, անկախ և բազմակողմանի գնահատումն ապահովելու համար, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին՝ դատախաղ-մրցույթի հետաքրքիր և որակյալ խնդիրը մշակելու համար և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանին՝ դատախաղ-մրցույթը բարձր ստանդարտով կազմակերպելուն ուղղված անգնահատելի ջանքերի համար։





























