Լայն տարածում գտած կարծիք կա, որ լվացարանում ջուրն արտահոսելիս Հյուսիսային և Հարավային կիսագնդերում պտտվում է հակառակ ուղղություններով՝ համապատասխանաբար ժամացույցի սլաքի հակառակ և ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Թեև ինքնին գաղափարը հիմնված է հայտնի Կորիոլիսի էֆեկտի վրա, դուք հազիվ թե տեսնեք դրա դրսևորումը, օրինակ, խոհանոցային լվացարանի մասշտաբներում, գրում է Live Science-ը։

Այն գաղափարը, թե լվացարանում ջուրն արտահոսելիս Հյուսիսային և Հարավային կիսագնդերում պտտվում է հակառակ ուղղություններով, հիմնված է Կորիոլիսի էֆեկտ անունով հայտնի երևույթի վրա։ Երբ օդը կամ ջուրը շարժվում են Երկրի վրա, մեր մոլորակի պտույտն իր առանցքի շուրջ կորացնում է դրանց շարժումը, փոխանցում է «Фокус»-ը։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Երկրի մակերևույթը շարժվում է տարբեր արագություններով՝ հասարակածի մոտ՝ ավելի արագ, բևեռների մոտ՝ ավելի դանդաղ։

Կորիոլիսի էֆեկտը կարելի է տեսնել միայն մեծ մասշտաբներում, մասնավորապես՝ Երկրի մթնոլորտում ցիկլոնների և անտիցիկլոնների առաջացման ժամանակ, երբ օդային զանգվածները պտտվում են տարբեր ուղղություններով աշխարհի տարբեր մասերում։ Այս էֆեկտը դրսևորվում է նաև, երբ Երկրի օվկիանոսներում խոշոր հոսանքները փոխում են իրենց ուղղությունը մեր մոլորակի՝ իր առանցքի շուրջ պտտվելու պատճառով։

Որպեսզի Կորիոլիսի էֆեկտը տեսանելի դառնա, անհրաժեշտ է շատ ժամանակ և հսկայական տարածություններ, սակայն լվացարանում, լողարանում կամ զուգարանակոնքի մեջ եղած ջուրն ընդամենը մի քանի վայրկյան ունի տեղաշարժվելու համար, իսկ հետո այն անհետանում է կոյուղու մեջ։ Ուստի Կորիոլիսի էֆեկտն աննկատելի է նման մասշտաբներում, ասում է Մեծ Բրիտանիայի Քովենթրի համալսարանից Սյուզաննա Հորնը։

Իրականում լվացարանում հորձանուտի ուղղության վրա չի ազդում Կորիոլիսի էֆեկտը, որը չափազանց թույլ է նման մասշտաբների համար։ Ջուրը կարող է արդեն իսկ թեթևակի պտտվել այն պատճառով, թե ինչպես է հայտնվել լվացարանում, ինչպես է ինչ-որ մեկը շարժվել լողարանում կամ ինչպես է հանվել խցանը։ Նույնիսկ աչքի համար աննկատելի միկրոսկոպիկ անհարթությունները ջրի հոսքն ուղղում են կողմերից մեկը։ Հենց այն, թե ինչպես եք բացել ծորակը, ինչ անկյան տակ է հոսել ջուրը, ստեղծում է ջրի նախնական պտույտը այս կամ այն կողմ։ Այս բոլոր գործոններն ավելի մեծ ազդեցություն ունեն լվացարանում ջրի շարժման վրա, քան Կորիոլիսի էֆեկտը։

Հետևաբար, միևնույն լվացարանում ջուրը մի պահ կարող է արտահոսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ մեկ այլ պահի՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ՝ կախված վերը նշված գործոնների փոփոխությունից։ Հորնն ասում է, որ ջրի պտտման ուղղությունը հիմնականում կախված է ջրի մատակարարման եղանակից և լվացարանի, լողարանի կամ զուգարանակոնքի երկրաչափությունից։

Կորիոլիսի էֆեկտը փոքր մասշտաբներում կարող է տեսանելի լինել միայն լաբորատորիաներում դրա համար հատուկ ստեղծված պայմաններում։