Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կրկին քննադատության թիրախում է հայտնվել, երբ կրկին հանդես է եկել հանրային վայրերում հիջաբ կրելու արգելքի օգտին։ Այս նախաձեռնությունը լուրջ տարաձայնություններ է հարուցել ինչպես քաղաքական հակառակորդների, այնպես էլ հենց իր կուսակցության շարքերում:
Politico-ի տվյալներով՝ Լե Պենի մերձավոր աղբյուրներից մեկը հայտնել է, որ նա մտադիր է այդ արգելքն առաջ քաշել «ռադիկալ իսլամիզմի» դեմ պայքարի օրինագծի շրջանակում: Ակնկալվում է, որ նախագիծը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, ինչը թույլ կտա հարցը ներկայացնել ոչ թե որպես կրոնական հագուստի սահմանափակում, այլ որպես «իսլամիստական գաղափարախոսության» դեմ պայքար:
Քննարկումների նոր ալիքը բռնկվեց այն բանից հետո, երբ «Ազգային միավորման» պատգամավորներից մեկը հայտարարեց, թե Լե Պենի հաղթանակի դեպքում հանրային վայրերում հիջաբ կրելը կդիտարկվի որպես իրավախախտում և կպատժվի տուգանքով: Հարցումների համաձայն՝ Լե Պենը, որը 2027 թվականի նախագահական ընտրությունների հիմնական հավակնորդներից է, այժմ զգալի առավելությամբ առաջ է անցնում իր մրցակիցներից:
Ձախակողմյան գործիչներն ու իրավապաշտպանները նախագիծը որակել են խտրական և իսլամատյաց: Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը Լե Պենին մեղադրել է «իրանական ոճի բարոյականության ոստիկանություն» ստեղծելու ձգտման մեջ, իսկ «SOS Racisme» հակառասիստական կազմակերպությունը հայտարարել է, որ սրանով փորձ է արվում մուսուլման կանանց դուրս մղել հանրային կյանքից:
Նախաձեռնությանը դեմ են արտահայտվել նաև աջակենտրոն գործիչները: Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը նշել է, որ պետությունը պետք է պայքարի «ծայրահեղականության, այլ ոչ թե ֆրանսիացի մուսուլմանների դեմ»: Պահպանողական քաղաքական գործիչ Բրյունո Ռետայոն նույնպես ընդգծել է, որ դա ոստիկանական ռեսուրսների անարդյունավետ վատնում կլինի:
Հիջաբի թեման Ֆրանսիայում քաղաքական բախումների մշտական պատճառ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում 18-49 տարեկան մուսուլման կանանց 26%-ը հիջաբ է կրում: Դեռ 2004 թվականից Ֆրանսիայի պետական դպրոցներում արգելված է կրոնական խորհրդանիշների, այդ թվում՝ հիջաբի և կիպայի կրումը, իսկ 2010-ից հանրային վայրերում արգելված է դեմքը փակող հագուստը:
Այնուամենայնիվ, այս քայլը քաղաքական ռիսկեր է պարունակում նաև «Ազգային միավորման» համար: Կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան ավելի վաղ դիտարկում էր այդ գաղափարից հրաժարվելու հնարավորությունը՝ զգուշանալով վարկանիշային կորուստներից: Երկուշաբթի օրը նա կրկին փորձեց մեղմել շեշտադրումները՝ հայտարարելով, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և որ հանրաքվեն «հագուստի կանոններ սահմանելու մասին չէ»:
Չնայած սրան՝ թեմայի քաղաքական օրակարգ վերադառնալը ցույց է տալիս, որ նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության առանցքային ու վիճահարույց դիրքորոշումները շարունակում է ձևավորել հենց Լե Պենը, այլ ոչ թե Բարդելան:




























