Անհայտ անձինք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գտնվող ֆերմայից գողացել են մոտ 5,5 հազար ոչխար, որոնց արժեքը գերազանցում է 1,7 միլիոն ավստրալիական դոլարը (մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար), հայտնել է տարածաշրջանի ոստիկանությունը։
Քննության տվյալներով՝ դորպեր ցեղատեսակի ոչխարներն ու խոյերը անհետացել են Բլեքոլ քաղաքից ոչ հեռու գտնվող տնտեսության տարածքից փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։ Բոլոր կենդանիները ունեցել են անասունների նույնականացման ազգային համակարգի սպիտակ պիտակներ։
«Անասունների գողությունը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների և լրացուցիչ բեռ ստեղծել ֆերմերային տնտեսությունների համար, որոնք առանց այդ էլ աշխատում են բարդ պայմաններում», — հայտարարել է գյուղական վայրերում կատարվող հանցագործությունների և անասունների գողությունների քննության բաժնի ավագ սերժանտ-դետեկտիվ Փոլ Էլիոթը։
Դորպերները մսատու ոչխարի ցեղատեսակ են, որոնք գնահատվում են արագ քաշ հավաքելու, բարձր բեղմնավորության և ոչ պահանջկոտ լինելու համար։ Դրանք լավ հարմարված են չորային պայմաններին և բնականաբար թափում են բուրդը, ուստի կանոնավոր խուզում չեն պահանջում։
Ոստիկանությունը նշում է, որ անասունների գողության գործերի քննությունը բարդանում է մեծ հեռավորությունների պատճառով, ուստի իրավապահները համագործակցում են ֆերմերների, անասունների շուկաների, փոխադրողների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։





























