«Փարոսով տուն» մանկական հոսպիսի հիմնադիր Լիդա Մոնիավան երկու օրով կալանավորվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո՝ ՌԴ Զինված ուժերի մասին «ակնհայտ կեղծ տեղեկություններ» տարածելու գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Միխայիլ Բիրյուկովը:

Պաշտպանի խոսքով՝ Քննչական կոմիտեն Մոնիավային մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետով՝ քաղաքական ատելության կամ թշնամանքի շարժառիթներով ռուսական բանակի մասին ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածում: Նա մեղքը չի ընդունել:

«Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո իմ պաշտպանյալ Մոնիավան պաշտոնապես կալանավորվել է երկու օրով», — ասել է փաստաբանը:

Սպասվում է, որ սեպտեմբերի 3-ին դատարանը կարող է խափանման միջոց ընտրել Մոնիավայի նկատմամբ:

Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, Մոսկվայի Իզմայլովյան դատարանը Մոնիավային տուգանել էր 45 հազար ռուբլով՝ Telegram-ում արված այն հրապարակումների համար, որոնք ճանաչվել էին ՌԴ զինված ուժերը վարկաբեկող։ Նրան մեղավոր էին ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3 հոդվածի 1-ին մասով՝ ՌԴ ԶՈւ վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների համար։