Չիլիացի հետազոտողները վիրավոր պինգվինների համար արտասովոր կարմիր բաճկոններ են ստեղծել։ Դրանք գործվածք են, որի մեջ պղնձի և ցինկի մանրաթելեր են ներհյուսված․ ենթադրվում է, որ սա կօգնի թռչուններին ավելի արագ ապաքինվել վնասվածքներից, գրում է Associated Press-ը:
Այս տեխնոլոգիան արդեն իսկ կիրառվել է շների և կատուների մաշկային վնասվածքները բուժելու համար։ Այժմ այն որոշել են փորձարկել Հումբոլդտի պինգվինների վրա։ Սա խոցելի տեսակ է, որի ամենամեծ կուտակումն ապրում է Չիլիում: Սանտյագոյի մոտ գտնվող Բուին կենդանաբանական այգու մասնագետները չափումներ են կատարել թռչունների մարմնից՝ հատուկ պաշտպանիչ հագուստներ մշակելու համար։
«Մեզ մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ չօգտագործել այս տեխնոլոգիան նաև պինգվինների համար»,- Associated Press գործակալությանը պատմել է կենդանաբանական այգու տնօրեն Իգնասիո Իդալսոագան։
Բուժման նոր մեթոդների անհրաժեշտությունն օրեցօր ավելի հրատապ է դառնում, քանի որ Չիլիում Հումբոլդտի պինգվինների թիվը կտրուկ նվազում է։ Չիլիացի և միջազգային հետազոտողների կողմից 2024 և 2025 թվականներին իրականացված բազմացման հիմնական վայրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ակտիվ բների թիվը 63%-ով պակաս է եղել, քան նույն տարածքներում երեք տարի առաջ:
Թռչուններին սպառնում են ձկնորսական ցանցերը, պլաստիկե աղտոտվածությունը, հիվանդությունների բռնկումները և սննդի համար արդյունաբերական ձկնորսության հետ մրցակցությունը: Լրացուցիչ վտանգ է ստեղծում «Ալ Նինյո» կլիմայական երևույթը, որն ուղեկցվում է Խաղաղ օվկիանոսի ջրերի աննորմալ տաքացմամբ։ Դրա հետևանքով սառնասեր ձուկը, որով սնվում են պինգվինները, դառնում է անհասանելի։
Սովը ստիպում է ծնողներին սնունդ փնտրելու նպատակով ավելի հեռանալ բներից, ինչի պատճառով մասնագետներն առաջիկա շաբաթներին ակնկալում են առանց հսկողության մնացած ձագերի թվի աճ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած:
Չիլիական ափամերձ շրջանների անասնաբուժական կենտրոններ պարբերաբար տեղափոխվում են ձկնորսական ցանցերից և նավերի պտուտակներից տուժած պինգվիններ: Որոշ թռչուններ էլ խիստ հյուծված են սննդի պակասի պատճառով:
Պինգվինների վերքերը բուժելը հեշտ չէ. թռչուններն ունակ են շրջել իրենց երկար վիզը՝ վնասված տեղը կտցելու և սեփական կարերը հանելու համար: Բաճկոնը թույլ չի տալիս նրանց հասնել վերքին և միաժամանակ նպաստավոր պայմաններ է ստեղծում դրա ապաքինման համար:
Գործվածքի մեջ ներհյուսված պղինձն ու ցինկը ճնշում են բակտերիաների և սնկերի բազմացումը։ Ցինկը, բացի այդ, խթանում է նոր արյունատար անոթների առաջացումը, ինչը նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը։ Ընդ որում, պղինձը հատկապես մատչելի է չիլիացի հետազոտողների համար, քանի որ Չիլին այս մետաղի խոշորագույն արտադրողն է աշխարհում:
Մարմնական ծովային կենդանիների վերականգնման «Conservación Humboldt» կենտրոնը ղեկավարող անասնաբույժ Թոմաս Պինոյի խոսքով՝ պինգվինները լավ են կրում հագուստը։ Մասնագետները նկատել են, որ արդեն հաջորդ օրը որոշ թռչունների վերքերի վիճակը բարելավվել է։


























