Միջազգային տնտեսական ճգնաժամը, չնայած որ լուրջ վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը, չափազանց ցավոտ չհարվածեց երկրի բնակչությանը: Դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, չնայած 18 տոկոսանոց տնտեսական անկմանը, ընթացիկ տարում միջին աշխատավարձի չափը բարձրացվել է 12 տոկոսով, արդյունաբերական աճ է գրանցվել որոշ ձեռնարկություններում:
Նա նաեւ նշեց, որ չնայած ճգնաժամին, կառավարությունը 2 մլրդ դրամով ավելացրել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող հատկացումները: «Շատ կարեւոր է նաեւ, որ ճգնաժամին կարողացավ դիմակայել բանկային ոլորտը, բազմաթիվ զարգացած երկրներում ստիպված էին սառեցնել վարկերի տրամադրումը, իսկ Հայաստանում բանկերը նման ծայրահեղ միջոցի չգնացին»,- նշեց Մինասյանը եւ գոհունակությամբ հավելեց, որ 2010թ. ծրագրվում է արձանագրել 1,2 տոկոս աճ, մինչդեռ 2010թ. ԵՄ շատ երկրների համար ճգնաժամային է մնալու:

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի կառավարությունը փոխել է տնտեսական զարգացման իր մարտավորությունը եւ ապագայում շեշտը դրվելու է արդյունաբերության, այլ ոչ՝ շինարարության զարգացման վրա: « Մենք արդեն հասկացել ենք մեր սխալը, եւ այժմ ամեն ինչ կանենք տնտեսության դիվերսիֆիկացման համար»,- նշեց Մինասյանը:

Նա նաեւ նշեց, թե կառավարությունը վճռական է տրամադրված օլիգոպոլիայի դեմ պայքարում: