Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են ««Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՊԵԿ-ից:
Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային էկոհամակարգի զարգացման հեռանկարները, արհեստական բանականության կիրառումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, կիբեռֆիզիկական անվտանգությունը, մարդկային կապիտալի զարգացումը և ժամանակակից ենթակառուցվածքային համակարգերի կառավարումը։
«Կիբեռֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը, որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը և «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը։
Քննարկմանը կարևորվել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները՝ սահմանների կառավարման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման համար։ Այս համատեքստում Արտեմ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է ազգային և տնտեսական անվտանգության ապահովումը, ինչպես նաև արդյունավետ մաքսային հսկողության և քաղաքացիների սպասարկման բարձր որակի կարևորությունը։ Կարևորվել է մաքսային համակարգի լայնածավալ վերազինումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ սահմանային մաքսային անցակետերում ռիսկերի կառավարման և գնահատման, գործիքակազմի թվայնացման ու հսկողության գործընթացների արդյունավետության բարձրացման համար։
Անդրադարձ է եղել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի գործունեությանը, նախնական հայտարարագրման գործընթացին, նավիգացիոն կապարակնիքների կիրառման հնարավորություններին և ապրանքների ավտոմատ բացթողնման համակարգին։ Առանձնակի կարևորվել են մաքսային համակարգերի ամբողջական թվայնացումը և արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ մարդկային շփումների և գործընթացների ժամանակատարության նվազեցման, աննկատ, արագ սպասարկում ապահովելու և առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով։
Միաժամանակ, քննարկվել է կիբեռֆիզիկական համակարգերի անվտանգության, տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական մասնավոր հատվածների և միջազգային համագործակցության կարևորությունը՝ անվտանգ արդյունավետ և դիմակայուն սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Արտյոմ Ասլանյանն անդրադարձել է Կոմիտեում արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացին, մասնավորապես դրանց կիրառմամբ մաքսային ոլորտում նոր համակարգերի ներդրմանը՝ ընդգծելով տեղեկատվության կիբեռանվտանգության, համակարգերի պաշտպանության և տվյալների գաղտնիության ապահովումը։ Այս ենթատեքստում կարևորվել են նաև ՊԵԿ աշխատակիցների, թվային հմտությունների կատարելագործման նպատակով շարունակական կրթությունն ու վերապատրաստումները։




























