Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան ուրբաթ՝ սեպտեմբերի 4-ին, քվեարկություն կանցկացնի Մերկատորի քարտեզից հրաժարվելու կոչ անող բանաձևի շուրջ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է The Guardian պարբերականը։

Նախաձեռնության հեղինակը Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսեն է։ Փաստաթուղթն առաջարկում է անցնել այնպիսի քարտեզի կիրառմանը, որն առավել ճշգրիտ է արտացոլում մայրցամաքների չափսերը և չի աղավաղում Աֆրիկայի իրական մասշտաբները։

Տոգոյի արտգործնախարարի խոսքով՝ բանաձևին աջակցել է Աֆրիկյան միության անդամ ևս 54 պետություն։ Դյուսեն ընդգծել է, որ հարցը քաղաքական չէ, այլ ունի կիրառական ու գիտական բնույթ։

«Այս քննարկումը քաղաքական չէ, այլ գիտական, քանի որ առկա են գիտական ապացույցներ, և մենք բոլորս պետք է ընդունենք իրականությունը», — հայտարարել է նախարարը։

16-րդ դարում մշակված Մերկատորի պրոյեկցիան աշխարհում ամենատարածվածներից է։ Այս համակարգի քննադատները նշում են զգալի աղավաղումների մասին․ հասարակածից ավելի հեռու գտնվող օբյեկտներն այդ քարտեզի վրա երևում են իրենց իրական չափերից էապես մեծ։ Մասնավորապես, սա հանգեցնում է այլ տարածաշրջանների համեմատ Աֆրիկա մայրցամաքի տարածքի տեսողական փոքրացմանը։