Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր, որը սահմանում է երկրի փոխնախագահի լիազորությունները։ Փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, հաղորդում է Tengrinews.kz-ն։
Հրամանագրի համաձայն, փոխնախագահ Երլան Կարինը կմասնակցի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նախաձեռնությունների մշակմանը և նախագահի հանձնարարությամբ նրան կներկայացնի Կուրուլթայի, կառավարության, պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընթացքում։
Կարինը նաև կղեկավարի Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի քարտուղարությունը և կհամակարգի նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գործունեությունը։
Բացի այդ, փոխնախագահը կապահովի նախագահին առընթեր մի շարք հանձնաժողովների աշխատանքը, այդ թվում՝ քաղաքացիության, պետական պարգևների, արտերկրում կադրերի պատրաստման, գիտության, գրականության և արվեստի ոլորտում պետական մրցանակների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության խորհրդի հարցերով։
Հրամանագիրը փոխնախագահին օժտում է նաև մի շարք ինքնուրույն վարչական լիազորություններով։ Մասնավորապես, նա կկարողանա արձակել կարգադրություններ, հանձնարարականներ տալ կենտրոնական և տեղական գործադիր մարմիններին իր իրավասության հարցերով, պետական մարմիններից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր։
Տոկաևը Երլան Կարինին նշանակել է փոխնախագահ օգոստոսի 31-ին՝ ազատելով նրան Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։





























