Դավիթաշեն գյուղի ու հարակից տների, մասնավորապես` Մելքումով փողոցի մի խումբ բնակիչներ, դիմել են NEWS.am-ի խմբագրություն` ահազանգելով, որ շուրջ մեկ շաբաթ է`ջուր չունեն, ընդ որում` անհայտ պատճառով:

«Երեւան ջուր ընկերությունը, որ պարտավորվել է իր բաժանորդներին շուրջօրյա ջրով ապահովել, որեւէ քայլ չի ձեռնարկում ջրամատարակարումը վերականգնելու ուղղությամբ: Ավելին ընկերության օպերատորական ծառայության աշխատակիցներից հնարավոր չէ որեւէ պարզաբանում ստանալ: Այս ծառայությունը նախատեսված է մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու ու սարսափելի սթրեսի մեջ գցելու համար, իսկ տնօրենն ընդհանրապես անհասանելի անձ է: Յուրաքանչյուր բաժանորդի զանգը կամ ինչ-որ բան իմանալու փորձ ավարտվում է նրանով, որ ծառայության օպերատորը գրանցում է բաժանորդի հասցեն ու համարը, խոստանում է ճշտել պատճառն ու երկու ժամից տեղեկացնել: Մի քանի ժամ անհույս սպասելուց հետո, երբ կրկին ես զանգահարում, վերցնում է մեկ այլ օպերատոր ու կրկին առաջարկում ասել հասցեն ու հեռախոսը, քանի որ ինքը տեղյակ չէ` նախկին օպերատորն ինչ է ճշտել: Հաջորդ զանգին էլ, բնականաբար, կամ այլ օպերատոր է պատասխանում` լրիվ անտեղակ լինելով նախկինի աշխատանքից կամ ծառայության օպերատորները ուղղակի զանգին չեն պատասխանում` ենթադրաբար ֆիքսելով հեռախոսահամարդ: Ու այդպես օրեր շարունակ: Ընդ որում, սա մեր համայնքում երկարատեւ ջրանջատման առաջին դեպքը չէ: 2011 թվականի ամբողջ սեպտեմբերին մի ամբողջ ամիս մենք ստիպված էին այլ տեղերից ջուր բերելով հոգալ մեր կենցաղային խնդիրը, քանի որ Երեւան ջուր ընկերությունից այդպես էլ մի հոդաբախշ մեկնաբանություն կամ լուրջ հիմնավորում չէինք ստանում` ինչ պատճառով ջուր չունենք, ինչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը ջրամատարակարումը վերականգնելու համար կամ երբ կվերակագնվի ջրամատարակումը: Ու արդեն ոչ մի հույս չունենք, որ ընկերությունը կարող է հիշել բաժանորդների առաջ իր ունեցած պատասխանատվության մասին»,- մասնավորապես»,- նշել են նրանք իրենց նամակում:

Խնդրի առնչությամբ դիմեցինք «Երեւան Ջուր» ՓԲԸ, որտեղից մեզ հայտնեցին, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ մասնագետների ստուգմների արդյունքում պարզվել է` խոսքը վերաբերում է ոչ թե Դավթաշեն գյուղին ու հարակից տներին (Մելքումով փողոց), այլ Դավթաշեն գյուղի հարակից նորակառույց եւ նոր բնակեցված թաղամասի մի քանի տներին: «Վերոնշյալ թաղամասի բնակիչներն առանց համապատասխան տեխնիկական պայմանի, սխալ ջրագծից ինքնակամ եւ ապօրինաբար կատարել են միացում: Սակայն համաձայն Հայաստանի Կառավարության 130-Ն Որոշման 2-րդ մասի «Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերին միանալու պայմանները», նրանք պարտավոր էին դիմել ջրամատակարար կազմակերպությանը` տեխնիկական պայման ստանալու նպատակով: Վերջինիս հիման վրա նրանք, ըստ սահմանված նորմերի, պետք է միացում կատարեն այն ջրագծից, որը կնշեր ջրամատակարար կազմակերպությունը տեխնիկական պայմանում: Այս պարագայում իրենք միացել են այնպիսի ջրագծի, որով տեխնիկապես հնարավոր չէ թաղամասի տվյալ հատվածը մշտապես կայուն ճնշմամբ ջրամատակարարում ապահովելը: Այդ իսկ պատճառով բախվել են մի շարք խնդիրների: Խնդրի վերջնական կարգավորման նպատակով` վերոնշյալ բնակիչները պետք է «Երեւան Ջուր» ընկերությունից ստանան տեխնիկական պայման, ապամոնտաժեն ներկայիս ջրագծերըեւկառուցեն նորերը` գործող նորմերին համապատասխան: Իսկ մինչ այդ Ընկերությունը կփորձի խնդիրը լուծել, որը միշտ կկրի ժամանակավոր բնույթ»,- հայտնել են նրանք: