ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության հասնելու ամենաիրատեսական ճանապարհը կարող է դառնալ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար գանձումների հարցում փոխզիջումը, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի նախկին բանակցող Դենիս Ռոսը։
Նրա կարծիքով, Իրանը կարող էր հրաժարվել նավերի անցման համար վճար գանձելու պահանջից՝ միաժամանակ պահպանելով նավիգացիոն, անվտանգության և բնապահպանական ծառայությունների համար միջոցներ ստանալու իրավունքը։ Այդպիսի տարբերակը երկու կողմերին էլ թույլ կտար հայտարարել հաղթանակի հասնելու մասին և Թեհրանին հնարավորություն կտար նահանջել նախկին դիրքորոշումից՝ առանց կապիտուլյացիայի զգացողության։
«Իրանցիները մշտապես զարմացնում էին մեզ իրենց տոկունությամբ», — ասել է Ռոսը՝ հավելելով, որ կասկածում է, թե միայն տնտեսական և ռազմական ճնշումը կկարողանա ստիպել Թեհրանին նահանջել։
Ըստ նախկին բանակցողի, Իրանում կոշտ գծի կողմնակիցները կարող են հույս դնել այն բանի վրա, որ երկիրը կարող է դիմակայել ճնշմանը և ի վերջո հասնել իր նպատակներին։
«Եթե հնարավոր լինի հայտարարել, որ նեղուցը կրկին բաց է, կարծում եմ՝ Թրամփը գործարք կկնքի», — ասել է Ռոսը։
Հորմուզի նեղուցը մնում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հիմնական տարաձայնությունների առարկաներից մեկը։ ԱՄՆ-ն ձգտում է ապահովել ռազմավարական այդ երթուղով ազատ նավարկությունը, մինչդեռ Իրանը պնդում է նավերի անցման և դրա հետ կապված ծառայությունների առնչությամբ որոշակի լիազորություններ պահպանելու վրա։ Ավելի վաղ քննարկվել էր նաև ժամանակավոր ռեժիմ, որը նախատեսում էր անցման համար գանձումների բացակայություն։




























