Կապանի ԲԿ-ի և ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակության համագործակցությունը շատ հաջող է ընթանում՝ մեծ օգուտ բերելով բժշկական կենտրոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, ԿԽՄԿ-ի պատվիրակության կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակում, հայտնել է Կապանի ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի պատվիրակության ցուցաբերած աջակցությունը նպաստել է բժշկական կենտրոնի՝ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունների ընդլայնմանը։ «Շտապ օգնության բաժանմունքի համար տրամադրվել է սարքավորում, նկուղային հարկում վերանորոգվել է լրացուցիչ վիրահատարան, ինչը էապես մեծացնում է կենտրոնի հնարավորությունները արտակարգ իրավիճակների կամ ռազմական գործողությունների դեպքում։ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ հիվանդանոցի անձնակազմը, բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստում են անցել»,- պատմել է Արսեն Բաբայանը։
Վերջին տարիներին ԿԽՄԿ-ի աջակցությամբ տեղադրվել են արևային վահանակներ, ինչը զգալիորեն կրճատել է էլեկտրաէներգիայի ծախսերը։
Խոսելով Կապանի ԲԿ-ի հնարավորությունների մասին՝ Բաբայանը նշել է, որ սա բազմապրոֆիլ հիվանդանոց է, որը մատուցում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ։ Պացիենտը Երևան է ուղարկվում միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է այնպիսի ծառայությունների, որոնց մատուցումը հնարավոր է միայն մայրաքաղաքում։ Ինչպես ամբողջ աշխարհում, Կապանի շրջանում ևս առաջատար են սրտանոթային և ուռուցքային հիվանդությունները, արձանագրել է Բաբայանը։
ԲԿ-ի տնօրենը հավելել է, որ իր ղեկավարած հաստատությունում իրականացվում են բավականին բարդ վիրահատություններ, հոդերի պրոթեզավորում, լապարասկոպիկ վիրահատություններ, ստամոքսաղիքային տրակտի վրա ծավալուն վիրահատություններ, ինչը նախկինում մարզում անհնար էր։ Ձեռք է բերվել նորագույն մամոգրաֆիկ սարքավորում, ինչը հնարավորություն կտա իրականացնել սկրինինգային ծրագրեր՝ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։
Բաբայանի խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումից հետո պացիենտների հոսքն ավելացել է, սակայն հիվանդանոցը կարողանում է հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Միևնույն ժամանակ, կենտրոնի տնօրենը խոստովանել է կադրային պակասի առկայությունը։ Այս հարցը լուծվում է Առողջապահության նախարարության աջակցությամբ՝ օրդինատուրայի ծրագրի շրջանակում։ ԲԿ-ն ունի ևս մեկ հովանավոր՝ ԶՄՄԿ-ն, որը աջակցում է սարքավորումների ձեռքբերմանը և մասնագետների ներգրավմանը։
Ինչպես նշել է հիվանդանոցի տնօրենը, Կապանի ԲԿ-ին անհրաժեշտ են ռեանիմատոլոգներ, նեֆրոլոգներ, ռևմատոլոգներ և նյարդաբաններ։
Իր հերթին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում դատաբժշկական փորձագետ Իշխան Սիմոնյանը (Կապանի դիահերձարանը տարածքային առումով սպասարկում է Կապան-Քաջարան ուղղությունը) հայտնել է, որ ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունն ակտիվացել է 2020 թվականից հետո (44-օրյա պատերազմ)։ Մասնավորապես, ԿԽՄԿ-ի պատվիրակությունը հաստատությանը տրամադրել է 48 դիի համար նախատեսված սառնարան, գեներատոր, նոր դիահերձման սեղան, գործիքներ։ «Այժմ անհրաժեշտ է բարելավել աշխատանքային պայմանները։ Լուծվում է նոր շենքի հարցը»,- նշել է Սիմոնյանը։



























