Դիվանագետ և վերլուծաբան Վարդան Հակոբյանը, մեկնաբանելով Եվրամիության հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին խոսելը դեռ վաղ է, NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս լարվածությունը պետք է դիտարկել Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքական շրջադարձի համատեքստում, որը սկսվել է 2018 թվականից հետո։

«Եթե վերջին ժամանակ ասելով նկատի ունեք 2018 թվականից սկսվող շրջանը, ապա կհամարենք, որ արդեն ութ տարի է՝ լարվածություն է նկատվում։ Բայց դրանից, լարվածությունն առկա էր նաև ավելի վաղ, թեև աննկատ, որոշ ընդդիմադիր տրամադրված անձանց շրջանում։ 2018 թվականին այն արդեն հիմնական կողմնորոշում դարձավ»,- ասել է Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վատթարացումը սկսվել է ներկայիս քաղաքական ուժերի իշխանության գալուց հետո։ Որպես նշանային իրադարձություններից մեկը՝ դիվանագետը հիշատակել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։

«Երբ հաստատվեց «ՔՊ»-ի իշխանությունը, ինչպես ես միշտ հիշեցնում եմ, տեղի ունեցավ Բոլթոնի այցը։ Այդ օրվանից հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Խնդիրը դրված էր՝ Հայաստանը պետք է փոխեր իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ամեն ինչ գալիս է հենց այնտեղից»,- կարծում է վերլուծաբանը։

Հակոբյանը 2018 թվականի իրադարձություններն անվանել է «հեղափոխական փոփոխություն»՝ նշելով, որ, իր կարծիքով, նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ավանդաբար ռուսամետից դեպի արևմտամետ և որոշ չափով հակառուսական ուղղությամբ փոխելն էր։

«Հիմա շատերն ասում են, որ դա հենց Միացյալ Նահանգների կազմակերպած «գունավոր» հեղափոխություն էր։ Եվ այդ հեղափոխությունը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոխի իր կողմնորոշվածությունը։ Մինչ այդ այն, այսպես ասած,ռուսամետ էր, իսկ հիմա պետք է դառնար արևմտամետ կամ հակառուսական»,- հայտարարել է նա։

Դիվանագետի բնորոշմամբ՝ կուրսի փոփոխությունը վերաբերել է ոչ միայն Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, այլև հարևան երկրների և միջազգային ուժային կենտրոնների հետ նրա հարաբերություններին։

«Իրականում այդ կողմնորոշումը փոխվել է բավականին արմատական կերպով։ Դա իսկապես հեղափոխական փոփոխություն էր՝ թե՛ քաղաքակրթական տեսանկյունից, թե՛ հատկապես այն ամենում, ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ համաշխարհային տնտեսության տեսանկյունից»,- ասել է Հակոբյանը։

Նա կարծում է, որ հենց դրանով պետք է բացատրել Հայաստանի հարաբերություններում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ տեղի ունեցած հետագա փոփոխությունները, ինչպես նաև Արցախի շուրջ իրադարձությունները։

«Հիմնական խնդիրները դրվել էին նոր իշխանության առջև, և պետք է ասել, որ նոր իշխանությունները հետևողականորեն իրականացնում են դրանք։ Հենց այնտեղից են սկիզբ առնում բոլոր այն փոփոխություններն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ութ տարիների ընթացքում և կապված են Արցախի, հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- նշել է դիվանագետը։

ԵՄ-ի հայտարարությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների վերաբերյալ Հակոբյանն առաջարկում է դիտարկել նաև ավելի լայն՝ ոչ միայն Բրյուսելի և Երևանի հարաբերությունների համատեքստում։

«Եթե նայենք միավորված Եվրոպայի հայտարարությանը վիզաների մասին կամ մեր իշխանությունների հայտարարություններին, ես այնքան էլ չեմ դիտարկում ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները որպես այդպիսին։ ԵՄ-ի համար դա պարզապես Հայաստանին նետված խայծ է։ Ես ավելի շատ դա դիտարկում եմ որպես ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններ»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ հայ-եվրոպական հարաբերություններն ընդամենն ավելի լայնածավալ աշխարհաքաղաքական դիմակայության մի մասն են։

«Ընդհանրապես այդ հարաբերությունները Հայաստանի համար ինչ-որ միջնորդավորված բան են։ Իրական քաղաքական դաշտը, դիվանագիտական հարաբերությունները և հիմնական ուշադրության կենտրոնը Ռուսաստանի և Արևմուտքի, Արևմուտքի և Իրանի, Արևմուտքի և թուրքական աշխարհի շփման գոտին է»,- կարծում է Հակոբյանը։

Հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը փաստացի տարբեր արտաքին ուժերի փոխգործակցության և դիմակայության հարթակ է դառնում, դիվանագետը պատասխանել է, որ իրավիճակի նման ընկալման դեպքում անհրաժեշտ է փոխել երկրի բուն արտաքին քաղաքական կողմնորոշումը։

«Այս տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումն այն է, որ եթե ընդունում ենք այդ կողմնորոշումը, ապա այն պետք է փոխել»,- հայտարարել է նա։

Հակոբյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները սկսել էին սրվել դեռևս 2018 թվականից շատ առաջ։ Մասնավորապես, վերլուծաբանը դա կապել է 2015 թվականին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին։

«Դեռ այդ ժամանակվանից Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումն ավելի էր սրվել։ Եվ դա տվեց իր պտուղները։ 2018 թվականին արդեն իշխանության եկան այնպիսի ուժեր, որոնք անմիջապես այդ «հակառուսականությունը» պետական քաղաքականության վերածեցին»,- ասել է վերլուծաբանը։

Խոսելով Հայաստանի խորհրդարանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու որոշման մասին՝ Հակոբյանը դա անվանել է ավելի շուտ ձևական քայլ, քանի որ, նրա կարծիքով, քաղաքական կուրսը որոշվել էր շատ ավելի վաղ։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նմանատիպ փուլ արդեն անցել էր ԵՄ-ի հետ հարաբերություններում 2011 թվականին, սակայն գործընթացը դադարեցվել էր այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում պահպանելու որոշումից հետո։

«2011 թվականին ընթանում էր նույն՝ ԵՄ-ի հետ կապված գործընթացը։ Բայց վերջին պահին, երբ Վիլնյուսում պետք է ստորագրվեր համապատասխան փաստաթուղթը, Հայաստանի նախագահը Մոսկվայից հայտարարեց, որ հանրապետությունը մնում է ԵԱՏՄ-ում։ Այդ գործընթացն ընդհատվեց, և եվրոպացիները նահանջեցին»,- նշել է Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ 2018 թվականից հետո իրավիճակը փոխվել է. Հայաստանի շարժումը դեպի ԵՄ դարձել է հետևողական և արդեն քաղաքական ձևավորում է ստացել։