ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին առնչվող 36 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ նրանց մեղադրելով Իրանի համար զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների փոխադրմանը նպաստելու մեջ։
Սահմանափակումները կիրառել է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC)՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության իրականացրած «Տնտեսական վտարանդի» (Operation Economic Outcast) գործողության շրջանակում։
Պատժամիջոցների ցանկում առաջին անգամ հայտնվել են իրանական 27 գործող ավիաընկերություններ։ Վաշինգտոնում հայտարարել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործում է առևտրային ավիաընկերություններ, դրանց թվում՝ Mahan Air-ը, զենք գնելու և տեղափոխելու, ինչպես նաև անձնակազմ տեղափոխելու համար։
«Մենք «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակում խոստացել էինք լուրջ հետևանքներ նրանց համար, ովքեր ֆինանսական աջակցություն են ապահովում իրանական ռեժիմին։ Այսօր կատարել ենք այդ խոստումը՝ պատժամիջոցներ սահմանելով այն ընկերությունների դեմ, որոնք շարունակում են աջակցել Mahan Air-ին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Ըստ նրա՝ պատժամիջոցները պետք է նախազգուշացում լինեն նրանց համար, ովքեր համագործակցում են մնացած իրանական ավիաընկերությունների հետ․ այդպիսի ընկերությունները վտանգում են կորցնել համաշխարհային ֆինանսական համակարգին հասանելիությունը։
Միաժամանակ OFAC-ը կասեցրել է Իրանի ավիացիային առնչվող երեք թույլտվությունների գործողությունը։ Դրանք, մասնավորապես, թույլ էին տալիս թռիչքներ իրականացնել Իրանի տարածքով և ոչ ռեզիդենտ ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Իրան՝ ամերիկյան արտադրության կամ ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռներով։ Թռիչքների անվտանգությանն առնչվող հարցումները OFAC-ը խոստանում է դիտարկել անհատական կարգով։
ԱՄՆ-ը նաև պատժամիջոցներ է սահմանել օտարերկրյա ընկերությունների և միջնորդների դեմ, որոնց մեղադրում են Mahan Air-ի գործունեությանը նպաստելու և դրա համար ամերիկյան ինքնաթիռներ ու տեխնոլոգիաներ ձեռք բերելու մեջ՝ շրջանցելով սահմանափակումները։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ամռանը Mahan Air-ը ստացել է առնվազն երեք Boeing 777, որոնք տեղափոխվել են ԱՄԷ-ի և Օմանի միջոցով։ Այդ սխեմայում միջնորդների դեր են խաղացել, ըստ ամերիկյան իշխանությունների վարկածի, ԱՄԷ-ում տեղակայված ECT Aviation Support-ը և թուրքական Sky Phoenix-ը։ Ինքնաթիռները հանվել են շահագործումից, որից հետո ստացել են ժամանակավոր գրանցում և փոխանցվել Mahan Air-ին։ ԱՄՆ-ը պնդում է, որ մատակարարումների երթուղին հիշեցնում էր պատժամիջոցները շրջանցելու նախկին սխեմաները։
Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Mahan Air-ի միջազգային թռիչքների սպասարկման հետ կապված ընկերություններ։ Դրանց թվում են թուրքական S Sistem Lojistik Hizmetler-ը և Mes Cargo-ն, մալայզիական Icargo-ն և ղազախական Tour Invest-ը։ Վաշինգտոնի տվյալներով՝ վերոնշյալ ընկերությունները կազմակերպել են փոխադրումներ, դրանց թվում՝ ամերիկյան բաղադրիչների և սարքավորումների մատակարարումներ Իրան։
Բացի դրանից, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Եգիպտոսի քաղաքացի Իբրահիմ Ալի Մոհամեդ Մոհամեդ Մահրանի դեմ, որին ամերիկյան իշխանությունները անվանում են ECT Aviation Support-ի հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև այդ ընկերության հետ կապված ձեռնարկությունների դեմ։
Զուգահեռաբար ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) հատուկ նախազգուշացում է հրապարակել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների համար։ Փաստաթղթում թվարկված են այն նշանները, որոնց հիման վրա հաստատություններին խորհուրդ է տրվում բացահայտել կասկածելի գործարքներ՝ կապված Իրանի կողմից երրորդ երկրներում կեղծ ընկերությունների միջոցով ինքնաթիռներ, պահեստամասեր և ավիացիոն տեխնոլոգիաներ ձեռք բերելու փորձերի հետ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ օտարերկրյա ընկերություններն ու մասնավոր անձինք, որոնք օգնում են պատժամիջոցների տակ հայտնված իրանական ավիաընկերություններին՝ այդ թվում ինքնաթիռների փոխանցման, բեռնափոխադրումների կամ գործակալական ծառայությունների միջոցով, նույնպես կբախվեն լուրջ հետևանքների։
Նոր սահմանափակումները դարձել են օգոստոսի 24-ին հայտարարված «Տնտեսական վտարանդի» գործողության մի մասը, որը Վաշինգտոնը նկարագրում է որպես եկամուտների աղբյուրներն ու ֆինանսական ուղիները փակելու համակարգված արշավ, որոնք աջակցում են իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Պատժամիջոցային ցանկերում ընդգրկված անձանց և կազմակերպությունների բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ ամերիկյան անձանց վերահսկողության տակ, սառեցվում են։ ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին, որպես կանոն, արգելվում են նրանց հետ գործարքները։ Խախտողներին քաղաքացիական և քրեական պատժամիջոցներ են սպառնում, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները ևս կարող են բախվել երկրորդային պատժամիջոցների։





























