Բիշքեկում Նիկոլ Փաշինյանին ուլտիմատում է ներկայացվել, և առաջիկայում նրան կհրավիրեն Մոսկվա, որպեսզի հստակ պատասխաններ տա հարցերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կտրուկ քայլերի չի դիմի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հարցերում:

Քաղաքագետը ենթադրել է, որ Փաշինյանի այցը Ֆրանսիա՝ որպես Եվրամիության այն պետություն, որն ամենասերտ հարաբերություններն ունի Հայաստանի հետ, կարող էր պայմանավորված լինել ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության շուրջ տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությամբ:

«Չեմ կարծում, թե Հայաստանի պետական գործիչները քաղաքականապես այնքան կարճատես են, որ հավատան, թե Հայաստանը առաջիկա 15 տարում կարող է մոտենալ ԵՄ անդամակցության նախապատրաստմանը: Հայաստանում հասկանում են, որ սա տևական գործընթաց է, և հնարավոր է՝ այս հարցը ընդհանրապես երբեք էլ չլուծվի՝ հարևան Վրաստանի ու Թուրքիայի օրինակով:

Այլ հարց է, թե Եվրամիությունն ու Ֆրանսիան ինչպես կընկալեն Հայաստանի այն իրավիճակը, երբ երկիրը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ ԵՄ-ն էլ պատրաստ չէ ընդունել նրան իր կազմում:

Փաշինյանը ընդառաջ էր գնացել Մակրոնի հետ հանդիպմանը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրամիության և Ֆրանսիայի դիրքորոշումը պարզելու համար։ Հայաստանը պետք է ստանա պատասխաններ, որոնք կամրապնդվեն հստակ երաշխիքներով։ Իսկ եթե խոսքը լոկ խոստումների մասին է, ապա Հայաստանի իշխանությունները պետք է ավելի լուրջ մոտենան խնդրին։

Եթե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և դուրս բերում ռուսական ռազմաբազան, ապա որո՞նք են այն հստակ երաշխիքները, որ Երևանը չի հայտնվի թուրք-ադրբեջանական ռազմական ճնշման տակ»,- նշել է Քեռյանը: