Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը առաջարկում է, որ իր պաշտոնանկության մասին տեղեկությունները մեկնաբանեն հենց լուրեր տարածողները: Նման առաջարկով Արայիկ Քոթանջյանը հանդես եկավ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, արձագանքելով հարցին, թե իրականության համապատասխանո՞ւմ են իր պաշտոնանկության մասին մամուլի տեղեկությունները: Նա նաեւ հավելեց, որ չի պատրաստվում նման կարգի լուրերը մեկնաբանել, հատկապես այն դեպքում, երբ ինքը նման տեղեկություններ չունի եւ ներկա պահին աշխատում է իր զբաղեցրած պաշտոնում:
Արայիկ Քոթանջյանը, սակայն, չասաց, թե ինչու չի մասնակցել «Օջախ» ռեստորանային համալիրում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կառույցի կազմակերպած հատընտրական խնջույքին:
Ավելի վաղ «Հայացք» օրաթերթը գրել էր, որ մի քանի օրից աշխատանքից կազատվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, որը նաեւ այդ տարածքի ՀՀԿ պատասխանատուն է:
«Իշխանությունը նրա նախընտրական աշխատանքն անբավարար է գնահատում: Երեք օր առաջ «Օջախ» ռեստորանում այս համայնքի ՀՀԿ ակտիվը ընտրություններում հաղթանակ տանելու առիթով քեֆ էր անում: Ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահը, բնականաբար նաեւ` այս տարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ ներկայացուցիչը: Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության ղեկավար ու թաղապետ Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Նրան չէին հրավիրել: Մոտ օրերս Քոթանջյանը պաշտոնանկ կարվի»,- գրել է թերթը:


























