Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, Լեւոն Երանոսյանը երբեւէ գնացողի հետեւից ոչինչ չունի խոսելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Լեւոն Երանոսյանը` արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը համակարգն ընդունել է դատարկ բյուջեով ու աշխատասենյակներով, քանի որ անգամ գրասենյակների պարագաները Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանը (մականունը` «Գել») իր հետ տարել է:
«Չկա նման հասկացողություն, ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Լ. Երանոսյանը:
Իսկ հարցին, թե իր գույքը նո՞ր է, թե հին գույքն է օգտագործում, նա արձագանքեց. «Նման հարցեր չեն տալիս, ոչ մի բան էլ տարված չի, ամեն բան իր տեղում է: Ես անտեղյակ եմ, թող ճշտեն, ինչ է եղել: Երբեւէ ես գնացողի հետից ոչ մի բան չունեմ խոսելու»:
Հիշեցենք, որ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին աշխատանքից ազատելուց հետո այդ պաշտոնում նշանակվել է ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:


























