Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը չի մեկնաբանում Հայ ազգային կոնգրեսից «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունների դուրս գալու փաստը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում երկու կուսակցությունների դուրս գալը, Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ մի կերպ: Պարզապես շնորհավորում եմ եւ Կոնգրեսին, եւ դուրս եկած կուսակցություններին»:

Հարցին, թե այդ կուսակցությունների դուրս գալուց ՀԱԿ-ը կթուլանա, թե ոչ,  Հայրապետյանը ասաց. «Դա հարցրեք Կոնգրեսի ղեկավարություն կոչվածին: Մենք երկու տարուց ավելի է դիտորդի կարգավիճակ ենք մեզ վերապահել, չենք խառնվում եւ չգիտենք, թե արդյոք ինչ ուժի է տիրապետում, որ իմանանք` կթուլանա, թե` ոչ»:

Միքայել Հայրապետյանը նաեւ նշեց, որ իրենց դիտորդական կարգավիճակը պահպանվում է: «Մենք որեւէ հայտարարություն չենք արել, կնշանակի, որ մեր դիտորդական կարգավիճակը երկու տարուց ավել պահպանվում է նույնությամբ: Երբ հարկ կհամարենք, որոշակի ձեւակերպում կանենք հրապարակավ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀԱԿ  ղեկավարությունը եւս չի մեկնաբանում «Հանրապետության» եւ Լիբերալ կուսակցության դուրս գալը: Լեւոն Զուրաբյանն այդ կապակցությամբ միայն ասել էր. «Բարի ճանապարհ եմ մաղթում»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «Հանրապետություն» եւ Լիբերալ կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում նշել են, թե դուրս են գալիս Հայ ազգային կոնգրեսից: