Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստական կուսակցությունների առաջնորդները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա, հաղորդել է PA Media-ն։
Թրամփը հայտարարել է, որ կղզու միավորումը «ի վերջո տեղի կունենա» և «կարող է տեղի ունենալ հենց հիմա»։
ԱՄՆ նախագահն այս թեմայով խոսել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ համատեղ ելույթի ժամանակ՝ պատասխանելով Իռլանդիայի միավորման հեռանկարների մասին հարցին։ Ավելի ուշ Իռլանդիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում Թրամփը կրկին անդրադարձել է այս հարցին և կղզու միավորումը անվանել «շատ հիանալի բան»։
ԱՄՆ նախագահի հայտարարությունները կտրուկ արձագանք են առաջացրել հյուսիսիռլանդացի յունիոնիստների շրջանում, որոնք հանդես են գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին։
Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության (DUP) առաջնորդ Գևին Ռոբինսոնը հայտարարել է, որ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական ապագան պետք է որոշվի նրա բնակիչների կողմից, այլ ոչ թե Լոնդոնի, Դուբլինի կամ Վաշինգտոնի քաղաքական գործիչների կարծիքներով։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Իռլանդիան մնում է Մեծ Բրիտանիայի մաս նրա բնակչության «կայացած ժողովրդավարական կամքի» շնորհիվ, և ինքը վստահ է, որ տարածաշրջանի բնակիչները կշարունակեն ընտրել Միացյալ Թագավորությունը։
Ավանդական յունիոնիստական կուսակցության (TUV) առաջնորդ Ջիմ Ալիսթերը հայտարարել է, որ Թրամփը «ԱՄՆ առաջին նախագահը չէ, որ միջամտում է իրեն չվերաբերող գործերին»։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Իռլանդիան չպետք է դառնա խաղաքարտ Թրամփի և Մեծ Բրիտանիայի միջև հակամարտությունում։
Օլսթերի յունիոնիստական կուսակցության (UUP) առաջնորդ Ջոն Բերոուզը ընդունել է ԱՄՆ նախագահի՝ իր կարծիքն արտահայտելու իրավունքը, սակայն ընդգծել է, որ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական ապագայի վերաբերյալ որոշումը պատկանում է միայն նրա բնակիչներին։
1998 թվականի Բելֆաստյան համաձայնագրի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարը կարող է նշանակել հանրաքվե տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ, եթե համարի, որ հավանական է՝ մեծամասնությունը կքվեարկի Իռլանդիայի հետ միավորման օգտին։ Սահմանադրական կարգավիճակը փոխելու համար անհրաժեշտ է նաև, որ նման փոփոխությունը հավանության արժանանա Իռլանդիայի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեում։
Միևնույն ժամանակ, Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Քոլում Իսթվուդը, որը հայտնի է որպես Թրամփի քննադատ, նրա խոսքերին արձագանքել է հեգնական գրառմամբ. «Նա ինձ միշտ դուր է եկել»։





























