Կոսովոյի խորհրդարանը կիրակի հաստատել է վարչապետ Ալբին Կուրտիի գլխավորած նոր կառավարությունը, հայտնում է Associated Press-ը։

Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք չկարողացան վերջնականապես դուրս բերել երկիրը երկարատև քաղաքական ճգնաժամից։

Կուրտիի կաբինետին աջակցել է 120 պատգամավորից 62-ը։ Ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտել են նիստը՝ վարչապետին մեղադրելով ընտրություններից հետո նախատեսված ընթացակարգերը խախտելու մեջ։

Կոսովոյում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես տարի։ Առաջատար քաղաքական ուժերի միջև տարաձայնություններն արդեն երկու անգամ հանգեցրել են արտահերթ ընտրությունների, սակայն երկրին այդպես էլ չի հաջողվել ձևավորել կայուն քաղաքական համակարգ։

Հերթական ճգնաժամը սկսվել է 2025 թվականի փետրվարի ընտրություններից հետո, երբ ոչ մի կուսակցություն բավարար աջակցություն չի ստացել կառավարություն ձևավորելու համար։ Նույն տարվա դեկտեմբերին անցկացված արտահերթ ընտրություններից հետո Կուրտին կարողացել է ձևավորել կաբինետը, սակայն քաղաքական ուժերը չեն համաձայնեցրել երկրի նախագահի թեկնածությունը։

Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որ նիստին ներկա լինի առնվազն 120 պատգամավորից 80-ը։ Կուրտին չուներ անհրաժեշտ քվորումը։

Հունիսյան ընտրություններից հետո նրա ձախակենտրոն «Ինքնորոշում» կուսակցությունը կրկին ստացել է ամենաշատ ձայները, սակայն դրա արդյունքը նախորդից ավելի ցածր է եղել։ Սա, ըստ Associated Press-ի, վկայում է ընտրողների աճող հիասթափության և դժգոհության մասին։

Մինչև նոր կառավարության հաստատումը խորհրդարանը նաև չի կարողացել ընտրել նախագահի տեղակալներին։ Ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին այս քվեարկությունն անցկացնել մինչև նախարարների նոր կաբինետի հարցի քննարկումը։

Ընդդիմությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հետընտրական ընթացակարգերի ենթադրյալ խախտումները։ Եթե քաղաքական փակուղին պահպանվի, Կոսովոն կարող է կրկին բախվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Կոսովոն Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենաաղքատ պետություններից մեկն է։ Հիմնականում ալբանացիներով բնակեցված այս տարածքը 2008 թվականին հռչակել է անկախություն Սերբիայից՝ 1998–1999 թվականների պատերազմից հետո, որն ավարտվել է ՆԱՏՕ-ի գործողությամբ և սերբական ուժերի դուրսբերմամբ։

Կոսովոյի անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ն և Եվրամիության երկրների մեծ մասը, սակայն Սերբիան, Ռուսաստանը և Չինաստանը դա չեն արել։ Բրյուսելը պահանջում է Պրիշտինայից և Բելգրադից կարգավորել հարաբերությունները՝ որպես երկու կողմերի՝ ԵՄ անդամակցության առաջխաղացման պայմաններից մեկը։