Քաղաքաշինության կոմիտեում կայացել է թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների ևս մեկ խմբի վկայականների շնորհման արարողությունը։ Վկայականները հանձնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։ Նա շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով ոլորտում գործունեության նշաձողը բարձրացնելու կարևորությունը։ «Համոզված ենք՝ կգա մի փուլ, երբ ձեր գործընկերները ևս կանցնեն գիտելիքների խորացման այս ճանապարհով, և հնարավոր կլինի այս ոլորտում ավելի որակյալ ծառայություն մատուցել մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հովսեփ Հովեյանը։
Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, շնորհավորելով վերապատրաստման մասնակիցներին, ընդգծել է, որ կոմիտեի նպատակն է պատրաստել գործընկերներ, ովքեր անմիջականորեն կարձագանքեն ոլորտի խնդիրներին, կհասցեագրեն դրանք և պետական ու համայնքային կառույցների հետ համատեղ կլուծեն։
Վկայական ստացողները շնորհակալություն են հայտնել Քաղաքաշինության կոմիտեին ընձեռված հնարավորության համար և կարևորել վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքների կիրառությունն ամենօրյա աշխատանքում։ Նրանք նաև ներկայացրել են առաջարկներ՝ դասընթացների ծրագիրն ընդլայնելու վերաբերյալ։
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման ծրագրին մասնակցել են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողներ։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ իրականացրել են երկու կազմակերպություններ: Թեստավորմանը մասնակցել են նաև կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» բաժնում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։
Վերապատրաստման հերթական փուլի դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերի 5-ից, որին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է։




























