Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր։ Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։ Փաշինյանն ընդգծել է, որ համապարփակ անվտանգության կառուցման ճանապարհին չափազանց կարևոր է այս հարցերի ընկալումը․ «Երբ 2024 թվականի գարնանը Խորհրդարանում խոսեցի «իրական Հայաստանի» գաղափարի մասին, ինձ մի պատմություն փոխանցեցին, որն ինձ պարզապես ապշեցրեց։ Պատգամավորներից մեկն արձագանքել էր․ «Այսինքն՝ ինքը ուզում է ասել, որ Մուշն ու Վանը մերը չե՞ն»։ Սա թերևս տարօրինակ արձագանք թվա, բայց իրականում տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որովհետև անվտանգային շատ խնդիրներ սկսվում են հենց մեր մտքում՝ իրականության և միջավայրի ընկալումից։ Քաղաքացիների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, թե «Պատմություն» առարկայի ժամին ուսուցիչն իր երեխային ասել է, որ մեծանան՝ պետք է ազատագրեն Մուշն ու Վանը»։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ սրանք այնպիսի երևույթներ են, որոնք համաժողովներում սովորաբար չեն քննարկվում։
Նիկոլ Փաշինյանն հավելել է նաև, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանում հայտնի հարթակներից առաջ է մղվում մի թեզ, որը ձևակերպվում է հետևյալ կերպ․ «Պետք է հզորանանք, որ ազատագրենք Արցախի Հանրապետությունը»։
Վարչապետը սա անվանել է հիմնարար խնդիր, որին Հայաստանը բախվել է ղարաբաղյան ողջ գործընթացում, երբ բանակցային սեղանի շուրջ և հանրային հարթակներում գոյություն ունեին երկու զուգահեռ հռետորաբանություն ու ընկալում։ «Սա շարունակելն անտրամաբանական դարձավ հատկապես սոցիալական ցանցերի ի հայտ գալով, որոնք ջնջեցին Ներքին և արտաքին խոսույթների միջև եղած սահմանները»,- ընդգծել է նա։




























