Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Թամազ Բորաշվիլիին Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Նրա թեկնածությանը աջակցել են 83 պատգամավորներ, դեմ չի քվեարկել ոչ ոք։ Քվեարկությունից առաջ քննարկում չի անցկացվել։

Բորաշվիլին վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն դարձավ վրացական հատուկ ծառայության չորրորդ ղեկավարը։ Ընդ որում, օրենքով սահմանված Պետական անվտանգության ղեկավարի լիազորությունների ժամկետը կազմում է վեց տարի։ Բորաշվիլիի նախորդը՝ Գելա Գելաձեն, գերատեսչությունը ղեկավարել էր ընդամենը հինգ ամիս, որից հետո անցել էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին։ Կառավարությունում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Գելաձեի անձնական ցանկությամբ՝ ընտանեկան հանգամանքների պատճառով։

2025 թվականի սեպտեմբերից Բորաշվիլին զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ ղեկավարում էր Պետական անվտանգության դեպարտամենտը։ Ներկայացնելով նրա թեկնածությունը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Բորաշվիլին կդառնա երկու տասնամյակում առաջին համակարգային աշխատակիցը, որը կգլխավորի հատուկ ծառայությունը։

Խորհրդարանական կոմիտեի նիստում Բորաշվիլին Ռուսաստանի գործողությունները Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում անվանել է Վրաստանի գլխավոր արտաքին սպառնալիքը։ Նոր պաշտոնում առաջնահերթությունների շարքում նա նշել է նաև հիբրիդային պատերազմին, օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությանը և երկրի ապակայունացման փորձերին հակազդելը։

Բացի դրանից, Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարը հայտարարել է հակահետախուզությունն ու կիբեռանվտանգությունն ուժեղացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անջատողականության և արմատական ազգայնականության դրսևորումները կանխելու անհրաժեշտության մասին։ Նա մտադիր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել նաև աճող միգրացիոն հոսքերին, որոնք կապված են գլոբալ հակամարտությունների հետ։

Վրաստանում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բորաշվիլին գնահատել է որպես ծայրահեղ ցածր՝ հայտարարելով, որ երկրում կառուցվածքային ահաբեկչական խմբավորումներ չկան։

Բորաշվիլիի նշանակումը ժամանակային առումով համընկել է նրա նախկին ղեկավարի նկատմամբ աղմկահարույց դատավարության ավարտի հետ։ Նույն օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Բորաշվիլին երկար տարիներ աշխատել է Լիլուաշվիլիի ղեկավարության ներքո։ Դատախազության տվյալներով՝ Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը մի քանի տարվա ընթացքում ստացել է մոտ 3 միլիոն դոլար՝ գործարարների շահերը լոբբինգ անելու, «խարդախ քոլ-կենտրոններին» հովանավորելու և Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու համար։

Դատավճիռը կայացրել է դատավոր Նինո Տարաշվիլին։