Toyota Motor-ը հայտարարել է ճապոնական շուկայում թարմացված շրջանակային Land Cruiser J300-ի շուտափույթ վաճառքի մեկնարկի մասին։ Գլխավոր իրադարձությունը հիբրիդային ուժային համակարգով մոդիֆիկացիայի հայտնվելն է, որը փոխառված է նույն հարթակի վրա կառուցված Lexus LX700h-ի զինանոցից։ Այն աշխատում է զուգահեռ սխեմայով՝ 3,5-լիտրանոց բենզինային V6-ը զուգակցվում է շարժիչ-գեներատորի հետ, որը տեղադրված է ՆԳՇ-ի և 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի միջև։ Հիբրիդային համակարգի բնութագրերը չեն նշվում, իսկ Lexus-ի վրա այն զարգացնում է 457 ձիաուժ հզորություն և 790 Նմ պտտապահ։
Նոր մոդիֆիկացիայի սրահը յոթտեղանոց է, երեք շարքով, հաղորդում է Drom.ru-ն։ Երրորդ շարքն ունի 50/50 համամասնությամբ բաժանված թիկնակ, կա թեքության անկյան էլեկտրական կարգավորում։
Արտաքինից հիբրիդային տարբերակը կարելի է ճանաչել բնօրինակ դիզայնով բախարգելներով, որոնք օպտիմալացված են աերոդինամիկայի տեսանկյունից։
Բեռնախցիկում կա փոփոխական հոսանքի երկու վարդակ (100 Վ/1500 Վտ)։
Բացի դրանից, ճապոնական ներքին շուկայի համար «Կրուզակի» տեսականիից կհեռացվի 3,4-լիտրանոց տուրբո բենզինային V6-ով մոդիֆիկացիան (415 ձիաուժ, 650 Նմ)։
3,3-լիտրանոց տուրբոդիզելը Ճապոնիայի համար մոդելի շարքում կմնա։ Այս շարժիչը զարգացնում է 304 ձիաուժ և 700 Նմ։ Ճապոնական շուկայի համար «Կրուզակի» այս մոդիֆիկացիան փոքր-ինչ կատարելագործվել է։ Ստանդարտ տարբերակում այն համալրվում է երեք դիֆերենցիալների արգելափակումներով, 265/65 R18 անվադողերով, ալյումինե կողային աստիճաններով, կողային հայելիների ծալման էլեկտրական համակարգով։ Ռադիատորի ցանցը սև է՝ քրոմապատ շեշտադրումներով, առջևի նստատեղերը՝ մեխանիկական կարգավորումներով։ Սրահի պաստառապատումը գործվածքային է։
Ճապոնիայում բոլոր J300-ները այսուհետ ստանդարտ կերպով համալրվում են սմարթֆոնի անլար լիցքավորմամբ։
ZX և GR Sport տարբերակները լռելյայն սկսել են համալրվել տանիքի սև ռելինգներով, սրահում սառնարան-արկղով, 14 բարձրախոսով JBL աուդիոհամակարգով, անվադողերում ցածր ճնշման մասին նախազգուշացման համակարգով։
Թարմացված Land Cruiser-ը Ճապոնիայում առաջարկվում է 8 միլիոն 750 հազար 500 իենից սկսվող գնով։





























