Կլարա Եթերօղլուն, ով կիսով չափ հայուհի է, կիսով չափ` թրքուհի, Թուրքիայում շարադրությունների մրցույթում առաջին մրցանակ է շահել, ներկայացնելով իր աշխատանքները  «Թուրքիայում հայ լինել» վերնագրով: Շարադրությունը հրատարակվել է նաեւ Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի կայքում (Armenian Genocide Recource Center):

Իր շարադրության մեջ աղջիկը հարց է տալիս ինքն իրեն «ինչո՞ւ է ինչ-որ մեկը ցանկանում թշնամացնել երկու ազգերի, որոնք դարեր շարունակ ապրել են խաղաղության մեջ»:

«Իմ մայրը թրքուհի է, հայրս` հայ: Այս երկրում ես հաճախում եմ հայկական դպրոց եւ աղոթում եկեղեցում: Ես կարող եմ գնել հայերեն ամսագրեր եւ թերթեր ու հետեւել նորություններին: Տոն օրերին ես կարող եմ հանգիստ նշել դրանք եւ հավաքվել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,-գրում է Կլարան:

Նա նշում է, որ հարցն այն է, որ օտարեկրյա պետությունները չեն ուզում, որպեսզի իրենք խաղաղ ապրեն Թուրքիայում:

 «Ես ինչպես որ հայուհի եմ, այնպես էլ` թրքուհի: Ես կարծում եմ, որ շատերն են այդպես մտածում: Երբ բոլորը նշում են Քուրբանը կամ Սուրբ ծնունդը, մենք նշում ենք երկուսն էլ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրին, եւ մենք էլ հարգված ենք բոլորի կողմից: Այս պահին ես սովորում եմ թուրքական դպրոցում, ես չեմ տեսնում խտրականության դրսեւորում իմ ընկերների եւ ուսուցիչների կողմից:

Ես կարող եմ պահպանել իմ հավատը եւ իմ ընկերների հետ քննարկել  ցանկացած թեմա: Իմ լավագույն ընկերները թուրքերն են, եւ ես կարծում եմ, որ ես էլ նրանց լավագույն ընկերն եմ: Ես հոգնել եմ մտածելուց այն բանի մասին, որ կատարվել է շատ տարիներ առաջ եւ ստիպված լինել անցյալի համար ցավ զգալ ստիպելուց: Ես ուզում եմ, որպեսզի ամեն ինչ մնա բնական հունի մեջ, ինչպես կա առօրյա կյանքում»,- գրել է Կլարան: