«Գերմանիայի տարվա ավտոմեքենա» (German Car of the Year, GCOTY) մրցույթի ժյուրին ամփոփել է վերջին 12 ամիսներին շուկայում ներկայացված լավագույն նոր ավտոմեքենաների ամենամյա ընտրության արդյունքները։ Ինչպես իրենց կայքում հայտնել են մրցույթի կազմակերպիչները, քվեարկությանը մասնակցել է Գերմանիայից և այլ երկրներից 47 ավտոլրագրող։
Բյուջետային ավտոմեքենաների անվանակարգում (մինչև 25 հազար եվրո) հաղթող է ճանաչվել Volkswagen ID. Polo էլեկտրամոբիլը։ Կոմպակտ մոդելների հատվածում (25–40 հազար եվրո) առաջատար է դարձել Kia PV5-ը (էլեկտրական ֆուրգոն և մինիվեն)։ Պրեմիում դասի ավտոմեքենաներից (40–70 հազար եվրո) առաջին տեղն է զբաղեցրել Mercedes-Benz GLC-ն, իսկ լյուքս դասում (70 հազար եվրոյից բարձր) հաղթանակ է տարել չինական Xpeng X9 էլեկտրական մինիվենը։ Սպորտային մոդելների անվանակարգում լավագույնն է ճանաչվել Hyundai Ioniq 6 N էլեկտրական սեդանը։ Այս հինգ հաղթողներից ավելի ուշ կընտրվի մրցանակաբաշխության գլխավոր դափնեկիրը, որի անունը կհայտարարվի նոյեմբերի սկզբին։
Ժյուրին որոշել է նաև հատուկ անվանակարգերի հաղթողներին։ Կոմպակտ Geely E2 հեչբեքը բոլոր մասնակիցների շարքում ճանաչվել է լավագույնը գնի և որակի հարաբերակցությամբ։ Էլեկտրական մեկ այլ փոքր հեչբեք՝ Renault Twingo-ն, արժանացել է մրցանակի արտաքին տեսքի լավագույն դիզայնի համար, իսկ BMW iX3-ը՝ սրահի ու մուլտիմեդիա լուծումների համար։ Porsche 911 Turbo S սպորտքարն առանձնացվել է իր ուժային համակարգի (շարժիչի) համար, իսկ Skoda Peaq-ը ճանաչվել է լավագույն ընտանեկան ավտոմեքենա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անհատական մրցանակին. «Տարվա ավտոմոբիլային գործիչ» է ճանաչվել Skoda-ի արդեն նախկին ղեկավար Կլաուս Ցելմերը։ Ինչպես հայտնի էր դարձել այս շաբաթ ավելի վաղ, Volvo-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է Ցելմերին ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն նշանակելու մասին, որտեղ նա կփոխարինի Հոկան Սամուելսոնին։




























