Հայաստանում միգրացիոն հոսքերի պատճառով անշարժ գույքի վարձակալության շուկայում վարձավճարների կտրուկ աճ է արձանագրվել։ Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում «Ղարաբաղի հայության սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու դրանց լուծումները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, այս իրավիճակում ամենաշատը տուժում են հենց արցախցիները», — ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վիճակն այսօր չափազանց ծանր է։
«Բնակարանների վարձի համար տրամադրվող պետական չնչին աջակցությունն ամենևին չի համապատասխանում նրանց կարիքներին։ Ընդ որում, բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հարցը վերջնականապես կարողացել է լուծել ընդամենը 4000 ընտանիք։ 8000 ընտանիք հավաստագիր է ստացել, սակայն դրանից կարողացել է օգտվել միայն 4000-ը», — հայտնել է Ստեփանյանը։
Ինչպես նշել է իրավապաշտպանը, այս թիվը վկայում է այն մասին, որ մարդիկ ստանում են հավաստագրերը, սակայն չգիտեն՝ ինչպես իրացնել դրանք։ Նրանք չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխանող և մատչելի բնակարաններ։
«Բացե՛ք List.am կայքը. կտեսնեք, թե ինչպիսի բնակարաններ կարելի է գտնել Երևանին հարակից շրջաններում», — եզրափակել է Գեղամ Ստեփանյանը։




























