ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերին Մայամիում, և հույս է հայտնել, որ ռուս առաջնորդը կընդունի հրավերը, հաղորդում է The Washington Post-ը։

«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք G20։ Կարծում ենք, որ սա նրա համար հնարավորություն է շփվելու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի], այլև մյուս համաշխարհային առաջնորդների հետ։ Մենք հույս ունենք, որ նա կընդունի այս հրավերը, և եթե դա տեղի ունենա, դեկտեմբերին նա այդպիսի հնարավորություն կունենա »,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Ըստ պետքարտուղարի՝ Թրամփը, ընդհանուր առմամբ, պատրաստ է հանդիպելու այն երկրների առաջնորդներին, որոնց հետ ԱՄՆ-ն ունի լուրջ տարաձայնություններ։ Ռուբիոն նշել է, որ նախագահն ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է համարում միջազգային խնդիրների լուծման համար։

«Նախագահ Թրամփը գործնականում ում հետ ասես պատրաստ է հանդիպելու և շփվելու»,- ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ Պուտինի հետ հանդիպումը պետք է ունենա հստակ նպատակ և կոնկրետ արդյունք, իսկ դրա նախապատրաստմանը պետք է նախորդեն լուրջ բանակցություններ։

Միևնույն ժամանակ, պետքարտուղարը չցանկացավ պնդել, որ Թրամփի և Պուտինի հանդիպումն անպայման կկայանա։ Նրա խոսքով՝ G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահի հնարավոր ներկայությունն ինքնին երկու առաջնորդներին հնարավորություն կտա հանդիպել և զրուցել։

Պուտինին G20-ի գագաթնաժողովին հրավիրելու մտադրության մասին Թրամփի վարչակազմը հայտնել էր դեռ ապրիլին։ Այն ժամանակ The Washington Post-ը, հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, գրել էր, որ Ռուսաստանը կհրավիրվի դեկտեմբերին G20-ի առաջնորդների հանդիպմանը, սակայն պաշտոնական հրավերները դեռ չէին ուղարկվել։

G20-ի գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Ֆլորիդայում։ 2025 թվականի սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հանդիպումը կանցկացնի իրեն պատկանող Trump National Doral Miami-ում։ CBS News-ը հայտնել էր, որ գագաթնաժողովը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 14–15-ին։