Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի հետ բանակցությունների՝ կայուն և արդար խաղաղության հասնելու համար, սակայն մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները բանակցություւնների ընթացքում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Ինչպես 2025 թվականի օգոստոսին Անքորիջում հանդիպումից հետո ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բոլորը համաձայն են, որ պետք է հասնել ոչ թե հրադադարի մասին ինչ-որ համաձայնության, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որը հուսալիորեն վերջ կդնի պատերազմին»,- ասել է Լավրովը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Այսպիսով, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել բանակցությունների օգտին, որոնց վերջնական նպատակը պետք է լինի երկարաժամկետ համաձայնագիրը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարը։ Միաժամանակ, նա նշել է, որ Մոսկվան չի դիտարկում ռազմական գործողությունների դադարեցումը բանակցությունների ժամանակահատվածում։
Լավրովի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ նրա հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Ավելի վաղ Ռուբիոն հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հետաքրքրվածություն են հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների սահմանափակ դադարեցմամբ, ինչպես նաև հացահատիկի արտահանման անվտանգության ապահովմամբ։
Միաժամանակ, Կրեմլում հայտարարում են, որ ներկայում խաղաղ բանակցությունների անցկացման համար նախադրյալներ չկան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր այնպիսի համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին, որը վերջ կդնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, և ոչ թե սահմանափակվել ժամանակավոր հրադադարով։





























