Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահական ընտրությունների օրը․ դրանք տեղի կունենան հունվարի 27-ին։ Այս մասին հայտնել են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից։
«Ժոգորկու Կենեշի այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել և ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության նախագահի ընտրություններ նշանակելու մասին» որոշման նախագիծը», — ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշման նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է խորհրդարանի Սահմանադրական օրենսդրության, պետական կառուցվածքի, տեղական ինքնակառավարման և կանոնակարգի հարցերի հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Ակիմբաևան։
«Նա ընդգծել է, որ նախագահի ընտրությունները նշանակվում են Ժոգորկու Կենեշի որոշմամբ։ Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա հունվարի չորրորդ չորեքշաբթի օրը, քանի որ հենց այդ օրն է լրանում գործող նախագահի լիազորությունների ժամկետը (2027 թվականի հունվարի 27-ին)», — պարզաբանել են մամուլի ծառայությունում։





























