Սեպտեմբերի 22-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնական բանկի և J-PAL Europe-ի կողմից կազմակերպված «From Evidence to Policy: Building a Culture of Experimentation» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովը:

ԿԲ–ից NEWS.am—ին հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և J-PAL Europe-ի գործադիր տնօրեն Կիլիան Նոլանը։ Իր խոսքում Մարտին Գալստյանն ընդգծեց, որ ապացուցահեն քաղաքականության ձևավորումը պահանջում է ոչ միայն համապատասխան կարողություններ, այլև ինստիտուցիոնալ մշակույթ՝ պատրաստակամություն վերանայելու ենթադրությունները, փորձարկելու լուծումները մինչև դրանց լայնածավալ կիրառումը և հետևողականորեն սովորելու ստացված արդյունքներից։ Նա նաև կարևորեց ապացույցների կիրառումը քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ և համակարգված բաղադրիչ դարձնելու անհրաժեշտությունը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ 2019 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր Աբհիջիթ Բաներջին՝ ներկայացնելով «From Evidence to Better Policy: What Does It Take?» թեմայով զեկույցը, որին հաջորդեց Մարտին Գալստյանի և Աբհիջիթ Բաներջիի քննարկումը՝ «The Importance of Evidence-Based Policies» թեմայով՝ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի մոդերատորությամբ։

Օրվա ընթացքում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ և թեմատիկ ելույթներ՝ ապացուցահեն քաղաքականության, որակյալ հետազոտությունների և խիստ գնահատման մեթոդների կիրառման շուրջ։ Աշխատաժողովը եզրափակվեց ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանի և J-PAL Europe-ի IDEE ծրագրի տնօրեն Ադրիեն Պավլիկի ամփոփիչ խոսքով, որով նաև տրվեց Աշնանային դպրոցի մեկնարկը, որը միավորում է Հայաստանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդ հետազոտողներին՝ նպաստելով սոցիալական քաղաքականությունների և ծրագրերի խիստ գնահատման մեթոդների վերաբերյալ գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը։