Մանհեթենի կենտրոնում հավաքվել էին ցուցարարներ, որոնք հանդես էին գալիս պաղեստինցիների իրավունքների պաշտպանության և Իսրայելի պատերազմի դադարեցման օգտին՝ այսօր նախատեսված՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ, հայտնում է CNN-ը։

Պաղեստինցիների իրավունքների պաշտպանության համար հանդես եկող Jewish Voices for Peace կազմակերպության ակցիայի մասնակիցները փակել էին տրանսպորտի երթևեկությունը։ Նրանք վանկարկում էին «Դադարեցրե՛ք ռմբակոծությունները» և «Դադարեցրե՛ք սպանությունները»՝ ձեռքին պահելով «Դադարեցրե՛ք Իսրայելին զինելը» կոչերով ցուցապաստառներ։

Մասնակիցների թվում էր դերասանուհի և քաղաքական ակտիվիստ Սինթիա Նիքսոնը։ Նա կրում էր «Ֆինանսավորե՛ք մարդկանց, ոչ թե ռումբերը» կոչով շապիկ։ Ցույցին մասնակցել է նաև Կոնգրեսի թեկնածու Բրեդ Լենդերը։

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին նաև, որ Նեթանյահուն «չի թաքնվի», և նրան անվանում էին «ցեղասպանության համար հետախուզվող»։

2024 թվականին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի ձերբակալության հրամանագիր էր արձակել՝ նրան և այլ անձանց մեղադրելով ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը մերժել էր այդ հրամանագրերը՝ դրանք անվանելով «աբսուրդային և հակասեմական»։

2025 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը եզրակացրել էր, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ։ Իսրայելի կառավարությունը մերժել էր նաև այդ եզրակացությունները։