Օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնին Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է ճանապարհահատվածը փակելու համար՝ բողոքի ակցիայի ընթացքում, որը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված ելույթից մեկ օր առաջ, հայտնում է NYP-ը։

Հինգշաբթի Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա համաշխարհային առաջնորդների առջև՝ այն ֆոնին, երբ Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանին բազմիցս կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետին։ Քաղաքապետը Նեթանյահուին անվանել էր «ռազմական հանցագործ»՝ Գազայում նրա կառավարության գործողությունների պատճառով։

Ավելի վաղ այս շաբաթ Նեթանյահուն տեսաուղերձում սպառնացել էր 34-ամյա Մամդանիի մասին ոչ հաճելի մանրամասներ հրապարակել։ «Ես պատրաստվում եմ ասել ճշմարտությունը ձեր մասին»,- հայտարարել էր Իսրայելի վարչապետը։

Սարանդոնից բացի, ոստիկանությունը ձերբակալելել է ևս մի քանի ակցիայի մասնակիցների, նրանցթվում՝ Նյու Յորքից Կոնգրեսի թեկնածու Դարիալիզա Ավիլա Շևալիեին։ Ձերբակալելու պատճառը դարձել էր ճանապարհահատվածի փակումը։

Բողոքի ցույցերը սկսվել էին դեռևս մինչև Նեթանյահուի ժամանումը Գլխավոր ասամբլեա։ Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս Իսրայելի քաղաքականության և Գազայում նրա ռազմական գործողության դեմ։

Իսրայելի վարչապետի ներկայությունը կտրուկ արձագանք էր առաջացրել Նյու Յորքի քաղաքական գործիչների շրջանում։ Մասնավորապես, Մամդանին ավելի վաղ հայտարարել էր Նեթանյահուին ձերբակալելու մտադրության մասին, սակայն ավելի ուշ ընդունել էր, որ ինքնուրույն չի կարող ոստիկանությանը նրա ձերբակալության հրաման տալ։ Պատճառների թվում նա նշել էր իրավական սահմանափակումները, այդ թվում՝ այն փաստը, որ ԱՄՆ-ը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ։

Ակցիայի մասնակիցների թվում էին նաև ակտիվիստ Լինդա Սարսուրը, ԱՄՆ բանակի նախկին զինծառայող Չելսի Մենինգը, դերասանուհի Սինթիա Նիքսոնը։

Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալում պաղեստինամետ ցուցարարներին, որոնք փակել էին Մանհեթենի Առաջին պողոտան։