Ուկրաինացի գործարար և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վադիմ Նովինսկին արագացված կարգով ստացել է Սերբիայի քաղաքացիություն։ Ուկրաինայում նրան հայտարարել են հետախուզման մեջ՝ պետական դավաճանության կասկածանքով, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։

Նովինսկուն սերբական քաղաքացիություն տրամադրելու մասին որոշումը, որը հրապարակվել է ուրբաթ օրը Սերբիայի պաշտոնական տեղեկագրում, մեկ օր առաջ ստորագրել է երկրի վարչապետ Ջուրո Մացուտը։

Փաստաթղթում կառավարությունը հղում է անում օրենքի այն դրույթին, որը թույլ է տալիս օտարերկրացուն քաղաքացիություն տրամադրել արագացված ընթացակարգով, եթե դա համապատասխանում է Սերբիայի շահերին։ Թե ինչու իշխանությունները համարել են, որ Նովինսկուն քաղաքացիություն տրամադրելը համապատասխանում է երկրի շահերին, որոշման մեջ չի հստակեցվում։

Սերբիայի կառավարությունն ու ներքին գործերի նախարարությունը չեն պատասխանել ԶԼՄ-ների հարցումներին՝ գործարարին քաղաքացիություն տրամադրելու պատճառների վերաբերյալ։

Նովինսկին դարձել է հարյուրավոր օտարերկրացիներից մեկը, որոնք պարզեցված ընթացակարգով ստացել են սերբական անձնագիր։ Ավելի վաղ RFE/RL-ը հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո այս կերպ սերբական քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի ավելի քան 300 քաղաքացի։ Նրանց թվում եղել են ռուսաստանցի պաշտոնյաներ, գործարարներ և այլ հանրային դեմքեր։

Նովինսկին ուկրաինացի գործարար է և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր։ Ըստ RFE/RL-ի ուկրաինական ծառայության տվյալների, նա գտնվում է հետախուզման մեջ՝ պետական դավաճանության կասկածանքով։ Ուկրաինական քննչական մարմինները նրան նաև կապում են Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեության հետ։

Նովինսկին լքել է Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց։ 2022 թվականի հունիսին նա վերջնականապես հեռացել է երկրից և այլևս չի վերադարձել։

Նույն տարվա հուլիսին Նովինսկին հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին և նշել, որ մտադիր է զբաղվել ավերված տաճարների վերականգնմամբ։ 2022 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել։

Նովինսկին, մերժում է մեղադրանքները և հայտարարում, որ հանդես է գալիս Ուկրաինայի և հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ 2026 թվականի մարտին գերմանական Compact.TV-ին տված հարցազրույցում նա քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հանդես եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման օգտին։

«Ուկրաինայի անվտանգության ամենակարևոր պայմանը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններն են», — հայտարարել է Նովինսկին հարցազրույցում։

Ըստ նրա, ինքը ստիպված է եղել լքել Ուկրաինան հնարավոր քրեական հետապնդման մասին նախազգուշացումներից հետո։

Միևնույն ժամանակ RFE/RL-ի ուկրաինական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր ռուսաստանյան իշխանությունների հետ Ղրիմում Նովինսկու ընտանիքի բիզնեսի կապերի մասին։ Լրագրողները պարզել էին, որ «Բալակլավայի հանքաքարի վարչություն» ձեռնարկությունը, որը նախկինում մտնում էր Նովինսկու Smart-Holding ընկերությունների խմբի մեջ, իսկ 2014 թվականին փոխանցվել էր նրա եղբորը, շարունակում է աշխատել Ղրիմում և հարկեր վճարել ռուսաստանյան բյուջե։ Ըստ RFE/RL-ի, ձեռնարկությունը նաև աջակցություն է ցուցաբերում ռուսաստանցի զինվորականներին։

Նովինսկու փաստաբանը մերժել է ռուսաստանյան կառույցների հետ նրա կապերի վերաբերյալ մեղադրանքները։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ գործարարը «Ուկրաինայի համոզված կողմնակից է» և գտնվում է ռուսաստանյան պատժամիջոցների տակ։ Սակայն RFE/RL-ը նշել էր, որ փաստաբանի ներկայացրած նյութերում այդ պնդման հաստատումներ չկան, իսկ Նովինսկու դեմ ռուսաստանյան պատժամիջոցները դեռևս 2020 թվականին էին չեղարկվել։

Ուկրաինայից հեռանալուց հետո Նովինսկին ապրել է Գերմանիայում և Խորվաթիայում։ 2025 թվականին նա Զագրեբից ոչ հեռու գտնվող Սամոբոր քաղաքում ձեռք է բերել անշարժ գույք, որը ներառում է ավելի քան 1,4 հազար քառակուսի մետր մակերեսով վիլլա, խաղողի և պտղատու այգիներով մոտ 2,5 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս, տնտեսական շինություններ, գինու մառան և գոլֆի դաշտ։ Ըստ խորվաթական Jutarnji list թերթի, գործարքի արժեքը կազմել է 10,5 մլն եվրո։

Նովինսկուն քաղաքացիություն տրամադրելը դարձել է օտարերկրացիների նատուրալիզացիայի արագացված ընթացակարգի կիրառման հերթական դեպքը Սերբիայի կողմից։

Ավելի վաղ RFE/RL-ը հայտնել էր, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր կառավարության որոշմամբ սերբական քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի ավելի քան 300 քաղաքացի։ Ընդ որում, 2022 թվականից սովորական ընթացակարգով Սերբիայի քաղաքացի դարձած ռուսաստանցիների ճշգրիտ թիվը հայտնի չէ․ երկրի ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել համապատասխան հարցումներին։

Սերբական անձնագրերի նոր սեփականատերերի թվում ավելի վաղ հայտնաբերվել էին ռուսաստանցի քաղաքական գործիչներ, գործարարներ և այլ հանրային դեմքեր, որոնք արևմտյան երկրների պատժամիջոցների տակ են Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար։

Այդպիսի գործելակերպը գրավել էր Եվրոպական միության ուշադրությունը։ Բրյուսելում նշել էին, որ սերբական անձնագիրը Ռուսաստանի քաղաքացիներին տալիս է ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն, ինչը դիտարկվում է որպես անվտանգության հնարավոր վտանգ։