Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է էվթանազիայի բոլոր ձևերը՝ ֆրանսիական Լուրդ քաղաք կատարած այցի ընթացքում, բժիշկներին և այլ բուժաշխատողներին կոչ անելով հոգ տանել տառապող հիվանդների մասին, այլ ոչ թե օգնել նրանց հեռանալ կյանքից, հաղորդում է dpa-ն։
«Մենք պետք է մերժենք կեղծ կարեկցանքի քողի տակ մահ պատճառելու գայթակղությունը։ Անհնար է մահ պատճառելը նորմալ բան համարել», — հայտարարել է քահանայապետը։ Նա նաև ընդգծել է, որ որևէ պրակտիկայի օրինական լինելը չի նշանակում դրա բարոյական ընդունելիությունը։
Ըստ Լևոն XIV-ի, մարդու կյանքի վերաբերյալ որոշում չի կարելի կայացնել «լաբորատոր ալգորիթմների հիման վրա»։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բժիշկներին կոչ է արել հավատարիմ մնալ հիվանդների նկատմամբ հոգածությանը, հատկապես ծանր հիվանդության և տառապանքի պայմաններում։
Ելույթ ունենալով Լուրդում՝ աշխարհի խոշորագույն կաթոլիկ ուխտագնացության կենտրոններից մեկում, պապը քննադատել է եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների և Բելգիայի, էվթանազիան կարգավորող օրենսդրական նորմերը։
Ֆրանսիայում էվթանազիայի և կյանքի կամավոր ավարտին աջակցելու հարցը նույնպես շարունակում է մնալ ակտիվ քաղաքական և հասարակական քննարկումների առարկա։ Այս տարի Ֆրանսիայի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ձայների զգալի մեծամասնությամբ հավանություն է տվել կյանքի ավարտին աջակցելու մասին օրինագծին։
Լևոն XIV-ը այցով գտնվում է Ֆրանսիայում։ Լուրդը դարձավ նրա ուղևորության նախավերջին կանգառը։ Երկուշաբթի քահանայապետը կմեկնի Մեց, որը գտնվում է ֆրանս-գերմանական սահմանից ոչ հեռու, որտեղ հանդես կգա Եվրոպային նվիրված ելույթով։





























