Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում գտնվող Արենցզեե լճի հատակում հնագետները մոտ 10 հազար 500 տարվա հնության փայտե կառույցներ են հայտնաբերել։ Գտածոներն, ըստ ամենայնի, շինությունների մնացորդներ են, որոնք գոյություն են ունեցել դեռ մինչև Կենտրոնական Եվրոպայում առաջին երկրագործների ի հայտ գալը, գրում է Phys.org-ը:
Լճում ստորջրյա հնագիտական հետազոտություններն իրականացվում են արդեն մի քանի տարի։ Ավելի վաղ այստեղ նեոլիթյան ձկնորսական թակարդներ, միջնադարյան բեռնատար բարջա և փորված նավակ էին հայտնաբերել։
Նոր գտածոները վերաբերում են մեզոլիթին՝ Միջին քարի դարին, երբ մարդիկ դեռ նստակյաց կյանք չէին վարում և զբաղվում էին որսորդությամբ, հավաքչությամբ ու ձկնորսությամբ։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում էր ապրել Բադ Դյուրենբերգի հայտնի շամանը, որի մասունքները հայտնաբերվել էին Գերմանիայում։
Արենցզեեի անսովոր երկրաբանական առանձնահատկությունը հնարավորություն է տվել, որ փայտե առարկաները պահպանվեն մինչև մեր օրերը։ Ի տարբերություն ներքին ջրամբարների մեծ մասի, այստեղ լճի հատակը աստիճանաբար իջնում է դրա տակ գտնվող աղային գմբեթին առնչվող գործընթացներով պայմանավորված։ Այդ պատճառով մեզոլիթյան գտածոները հայտնվել են մոտ 20 մետր խորության վրա՝ նստվածքների բարակ շերտի տակ։
Այս դարաշրջանին բնորոշ քարե գործիքներից և կենդանիների ոսկորներից բացի, հետազոտողները հայտնաբերել են լավ պահպանված փայտե դետալներ։ Դրանց թվում են 1,6 մետր բարձրությամբ սյուն՝ հատման հետքերով, և մինչև 1,3 մետր երկարությամբ ջարդված տախտակներ։
Հնագետները դեռ չգիտեն, թե կոնկրետ ինչ էին իրենցից ներկայացնում այդ կառույցները։ Դրանք կարող են լինել խրճիթների կամ այլ շինությունների մնացորդներ, որոնց մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէր։ Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն մշտական շինությունների կամ ինտենսիվ կերպով կահավորված բնակատեղիների գոյությունը մոտ 10 հազար 500 տարի առաջ, դա կարող է փոխել պատկերացումները մեզոլիթյան որսորդ-հավաքիչների կենսակերպի մասին։
Հատկապես կարևոր է, որ այդ գտածոները երեք հազարամյակով ավելի հին են, քան Կենտրոնական Եվրոպայում առաջին երկրագործական բնակավայրերը՝ երկար տներով, որոնք ի հայտ են եկել մ.թ.ա. մոտ 5500 թվականին։ Մինչ այժմ հենց երկրագործների գալստյան հետ էին կապում մարդու կողմից բնական միջավայրի լայնածավալ վերափոխման սկիզբը և մշակութային լանդշաֆտների ձևավորումը։
2026 թվականի գարնանը հուշարձանի հայտնաբերումից հետո հնագետները հավաքել են լրացուցիչ նմուշներ և գտածոներ՝ դրա չափերն ու ճշգրիտ տարիքը որոշելու համար։ Այնուհետև մասնագետները ստորջրյա ռոբոտի օգնությամբ իրականացրել են լճի նախկին ափագծի բարձր ճշգրտության սոնարային սկանավորում։
Հետազոտողները հույս ունեն, որ ստորջրյա հնագիտության և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությունը հնարավորություն կտա վերականգնել հին բնակավայրի կառուցվածքը և ավելի լավ հասկանալ մեզոլիթի դարաշրջանի մարդկանց կյանքը։





























