Սաուդյան Արաբիան և Սիրիան քննարկում են Եմեն սիրիացի զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը՝ Էր Ռիադի աջակցությունը վայելող ուժերի հարձակումներին հութիների դեմ մասնակցելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան լրջորեն դիտարկում է համապատասխան առաջարկը, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունել։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացված է եղել քննարկումների մասին և սկզբունքորեն դեմ չէ սիրիական զորքերի հնարավոր մասնակցությանը։
Զինծառայողներ ուղարկելու հարցը քննարկվել է շաբաթվա սկզբին Էր Ռիադում աշ-Շարաայի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հանդիպման ընթացքում։ Սաուդյան կողմը հույս ունի սիրիական զորքերի օգնությամբ ուժեղացնելու Եմենի կառավարական ուժերը, որոնք պատրաստվածությամբ զիջում են հութիներին։
Եմենի կառավարական զորքերը Սաուդյան Արաբիայի աջակցությամբ հանգստյան օրերին սկսել են խոշոր ցամաքային հարձակում հութիների դիրքերի վրա։ Դրա նպատակը ապստամբների վերահսկողության տարածքների վերադարձն է, ներառյալ մայրաքաղաք Սանան և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանը։
Axios-ի՝ քննարկումներին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Սիրիան կարող է Եմեն ուղարկել 10-ից 20 հազար զինծառայող։ Քննարկվող ստորաբաժանումների թվում են Դամասկոսի մերձակայքում տեղակայված 90-րդ դիվիզիան և երկրի հարավում տեղակայված 84-րդ դիվիզիան։
Սիրիական զորքերի հնարավոր մասնակցությունը մտահոգություններ է առաջացնում հակամարտության կրոնական բաղադրիչի պատճառով։ Հութիները դավանում են շիա իսլամի զեյդիական ուղղությունը, մինչդեռ սիրիական որոշ ստորաբաժանումներում կարող են լինել սուննի իսլամիստ մարտիկներ, որոնք մասնակցել են Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարին։
Ամերիկացի երկու պաշտոնյա հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ներգրավվել է սիրիական զորքերի հնարավոր տեղափոխման տարբերակների քննարկմանը։





























