«Հայաստանի Սահմանադրական դատարանը կորոշի, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում ՀՀ սահմանադրությանը»։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` հավելելով, որ Թուրքիան արձանագրությունների վավերացման գործընթացում ավելի առաջ է, քան Հայաստանը:

Վերջինիս համոզմամբ՝ մարտավարական առումով ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանն առաջինը վավերացներ ստորագրված փաստաթուղթը: Անդրադառնալով արձանագրությունների հակասահմանադրական լինելուն՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ պարզ համադրման դեպքում հակասահմանադրականություն չի նկատվում, սակայն որոշ մեկնաբանման դեպքում կարող է առաջանալ. «Եթե պատմական հանձնաժողովում քննարկվի ցեղասպանություն լինել չլինելու հարցը, եթե հանձնաժողովը նման մանդատ ունենա եւ նման գործելակերպ դրսեւորի, այս դեպքում կարող է առաջանալ հակասահամանադրականություն»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջամտությունը կանխելու մասին Թովմասյանն ասաց, որ վավերացումից հետո լավ կլինի մի տողով նշել, որ այս արձանագրությունները կնքված են երկու պետությունների միջեւ եւ չեն կարող վերաբերել մի երրորդ երկրին:

Սահմանադրագետի համոզմամբ, պատկան մարմիններին օրենսդրական փոփոխություններ կատարելու՝ Նախագահի վերջին հանձնարարականները հիմք են տալիս ենթադրելու, որ Նախագահը սկսում է ստորագրության հետ վերցնելու գործընթացը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին, շվեյցարական Ցյուրիխ քաղաքում: Արձանագրությունները վավերացվելու են երկու երկրների խորհրդարանների կողմից: