Մակակաների խլած հեռախոսը կամ ակնոցը հետ վերցնելու փորձերը կարող են ավարտվել վնասվածքներով․ զբոսաշրջիկները չպետք է անձնական իրերի համար կռվի մեջ մտնեն վայրի կենդանիների հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման հորդորով է հանդես եկել Ուդայանայի համալսարանի պրիմատաբան Ի Նենգահ Վանդիան։
Փորձագետի խոսքով՝ իրավիճակը կտրուկ սրվում է, երբ մարդն ուժով փորձում է կապիկից հետ կորզել իր ունեցվածքը՝ մոռանալով, որ դիմացինը վայրի կենդանի է։
Ճանապարհորդների տարածված սխալներից է նաև տպավորիչ լուսանկարի համար մակականերին կերով գայթակղելն ու ապա հետ քշելը։ Նման վարքագիծը անմիջական կոնտակտ է հրահրում և կտրուկ մեծացնում հարձակման վտանգը։
Վանդիան նշել է, որ այս կենդանիներին կարելի է հանդիպել ոչ միայն անտառներում, այլև հանրային ու զբոսաշրջային վայրերում՝ տաճարների, ավտոկայանատեղիների և սրճարանների հարևանությամբ։ Միևնույն ժամանակ, մասնագետն ընդգծում է, որ հարձակման առանձին դեպքերը չեն նշանակում, թե վտանգը տարածվում է ողջ կղզու վրա․ իրավիճակը պետք է գնահատել տեղում։
Գիտնականի ահազանգի առիթը Բալիի հյուսիսային Բուլելենգ շրջանի Վանագիրի գյուղում արձանագրված միջադեպն է, որտեղ մակական հարձակվել էր 9-ամյա դպրոցականի վրա։ Կենդանին նետվել էր երեխայի վրա, երբ նա գնում էր զուգարան։ Տղան ձեռքի և գոտկատեղի շրջանում պատռվածքներ է ստացել․ նրան երկու կար են դրել և կատաղության դեմ պատվաստել։
Բալիի բնապահպանական BKSDA վարչության տվյալներով՝ դպրոցի հարևանությամբ ապրում է շուրջ 35 երկարապոչ մակակա։ Գերատեսչության ղեկավար Ռատնա Հենդրատմոկոն հայտնել է, որ Վանագիրիում մարդկանց և կապիկների բախումները 2023–2026 թվականներին պարբերական բնույթ են կրել։
Բնապահպանական ծառայությունից վստահեցրել են, որ քայլեր են ձեռնարկելու կենդանիների թվաքանակը կարգավորելու ուղղությամբ՝ ելնելով նրանց բնական միջավայրի հնարավորություններից։





























