Իսրայելական և ամերիկյան զինվորականները շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի ընդունել նոր հարվածների վերաբերյալ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ հնարավոր համատեղ գործողության քննարկումը հատկապես արդիական է դարձել Իսրայելում հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ընտրությունների և ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ֆոնին, որոնք տեղի կունենան նոյեմբերին։ Պատերազմի վերսկսումը կարող է ազդել երկու առաջնորդների քաղաքական դիրքերի վրա։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Axios-ին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր տպավորությամբ, ցանկանում է վերսկսել Իրանի դեմ հարվածները։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի վարչապետը բազմիցս քննարկել է այդ հարցը Թրամփի հետ, որը նրան առաջարկել է պատրաստվել հնարավոր գործողությանը, սակայն կոնկրետ խոստումներ չի տվել։

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կտրականապես հերքել է պնդումը, թե Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են պատերազմի վերսկսումը։ Վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Թրամփը նախկինում հայտարարել էր՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագրեր չկան։

Ամերիկյան վարչակազմում պահպանվում են տարաձայնությունները հետագա քայլերի վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարությունը հանդես են գալիս հարվածների վերսկսման օգտին։ Թրամփի խորհրդականների մեծամասնությունը, հակառակը, նախընտրում է պահպանել տնտեսական ճնշումն ու պատժամիջոցները՝ ակնկալելով, որ դրանք արդյունք կտան առանց նոր ռազմական արշավի։

«Նրանք պնդում են, որ տնտեսական խեղդամահ անելու քաղաքականությունն ավելի ու ավելի լավ է աշխատում։ Եկեք շարունակենք»,- Axios-ին պատմել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Իսրայելում լրացուցիչ անհանգստություն է առաջացնում նաև այն հնարավորությունը, որ Իրանը վերականգնում է իր միջուկային ծրագրի առանձին տարրերը։ Ըստ իսրայելական աղբյուրի՝ Նեթանյահուն Թրամփին տեղեկացրել է մտահոգիչ հետախուզական տվյալների մասին։ Իսրայելը հատուկ ուշադրություն է դարձնում «Փիքեքս-Մաունթին» օբյեկտի հնարավոր օգտագործմանը ուրանի հարստացման համար։

Ռիսկի ևս մեկ գործոն են իսրայելական բանակի և ներքին քաղաքականության համար հնարավոր հետևանքները։

Աղբյուրի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ԱՄՆ Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ քննարկել է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու հնարավորությունը։ Զրույցի ընթացքում, ինչպես պնդում են, դիտարկվել է նաև Իրանի պատասխան հարվածի դեպքում Իսրայելում ընտրությունների հետաձգման ռիսկը։

Միևնույն ժամանակ պատերազմի վերսկսումը կարող է բացասական հետևանքներ ունենալ նաև Թրամփի համար․ հակամարտությունը մնում է ոչ ժողովրդական ամերիկացի ընտրողների մի մասի շրջանում, իսկ նոր ռազմական գործողությունները կարող են Կոնգրեսի ընտրություններից առաջ հանգեցնել վառելիքի գների աճի։

Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն։ Կատարից միջնորդները սպասում են Թեհրանի պատասխանին ԱՄՆ-ի վերջին հակադարձ առաջարկին, որը, ի թիվս այլնի, նախատեսում է նաև Իրանի զիջումներ միջուկային ոլորտում։ Երեքշաբթի Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի վերաբերյալ որոշում կընդունի «շատ շուտով»՝ երկիրն անվանելով «չկայացած պետություն»։