Գերմանիայի, Նորվեգիայի և Ռումինիայի ոստիկանությունը խուզարկություններ և ձերբակալություններ է իրականացրել ՆԱՏՕ-ի նավերի սպասարկման ծառայությունների համար հաշիվներ ներկայացնելու հետ կապված ենթադրյալ կաշառակերության և խարդախության քննության շրջանակում, հաղորդում է dpa գործակալությունը։

Համբուրգում իրավապահները խուզարկել են երկու ընկերությունների գրասենյակներ և մասնավոր տուն։ Նորվեգական Բերգենում ձերբակալվել է հինգ մարդ։ Ռումինիայում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել մի ընկերության գրասենյակում և մի քանի մասնավոր տներում։

Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Eurojust) տվյալներով՝ քննությունը վերաբերում է կեղծ հաշիվներին, որոնք ընկերությունը և նրա ենթակապալառուները ներկայացրել են հյուսիսարևմտյան Եվրոպայի նավահանգիստներ մուտք գործելու ժամանակ ռազմական նավերի և դրանց անձնակազմերի համար տրամադրվող լոգիստիկ և կազմակերպչական ծառայությունների դիմաց։ Այդպիսի ծառայությունները, որոնք հայտնի են որպես husbandry services, ներառում են նավերի ապահովումը անհրաժեշտ ռեսուրսներով և նավահանգստում դրանց սպասարկման կազմակերպումը։

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կրած վնասը նախնական գնահատմամբ գերազանցում է 1 միլիոն եվրոն (1,1 միլիոն ԱՄՆ դոլարը), հայտնել են Eurojust-ում։

Բերգենում ձերբակալվածներին կասկածում են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված խարդախության մեջ, հայտնել է Նորվեգիայի տնտեսական և բնապահպանական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման ազգային վարչությունը (Økokrim)։

«Պաշտպանական բյուջեները ամբողջ աշխարհում աճում են, ինչը մեծացնում է տնտեսական հանցագործությունների ռիսկը»,- հայտարարել է Økokrim-ի ավագ դատախազ Մարիաննե Բենդերը։

Նա հավելել է, որ գերատեսչությունն ուշադիր հետևում է նման դեպքերին։ «Եթե ՆԱՏՕ-ն դարձել է խարդախության զոհ, կհետևի կոշտ արձագանք»,- ընդգծել է նա։