Գերմանիայի զինված ուժերը կգնեն անօդաչու սարքեր, որոնք ցանցերի օգնությամբ կորսան հակառակորդի դրոնները։ Դրանք նախատեսվում է օգտագործել ռազմական զորանոցներն ու այլ հաստատությունները լրտեսությունից և դիվերսիաներից պաշտպանելու համար, հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչությունում ցանցային արձակման սարքերով դրոններն անվանել են օբյեկտների պաշտպանության փորձված միջոց։ Սովորաբար դրանք կիրառվում են անօդաչուների դեմ պայքարի այլ համակարգերի, ներառյալ՝ ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ու ռադարների հետ համատեղ։

Այսպիսի սարքերը ցանցով որսում են հակառակորդի դրոնները։ Ի տարբերություն կրակով անօդաչուները խոցելու, այս եղանակը հնարավորություն է տալիս խուսափել բեկորների անկումից, որոնք վտանգավոր են մարդկանց և շենքերի համար։ Այդ պատճառով նման համակարգերը հարմար են նաև քաղաքային միջավայրում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, թե քանի սարք է նախատեսվում ձեռք բերել։ Ռազմական և օպերատիվ անվտանգության նկատառումներով գերատեսչությունը նաև չի բացահայտում առանձին գնումների արժեքն ու տեխնիկայի քանակը։

Գերմանիայում 25 միլիոն եվրոյից բարձր արժեք ունեցող սպառազինության գնումները պետք է ստանան Բունդեսթագի բյուջետային կոմիտեի հավանությունը։ Այդ պահանջը նախատեսված է դաշնային բյուջետային օրենսդրությամբ։