Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան Ֆլորիդայի դաշնային դատարանին դիմել է խնդրանքով՝ պարտավորեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նշանակել կոնկրետ ամսաթիվ՝ իր նկատմամբ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցի շրջանակում երդմամբ ցուցմունք տալու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։

Ըստ BBC-ի իրավաբանների՝ Թրամփի փաստաբանները ավելի վաղ համաձայնել էին հարցաքննությունն անցկացնել հոկտեմբերի 16-ին, սակայն սեպտեմբերի վերջին հայտարարել են, որ այդ ամսաթիվն այլևս հարմար չէ, և առաջարկել են ընթացակարգը տեղափոխել հունվար։

Հեռարձակող կորպորացիայի ներկայացուցիչները դատարանին խնդրել են հարցը քննել հոկտեմբերի 22-ի նիստում, որը նշանակվել էր այլ ընթացակարգային հարցերի քննարկման համար։

«Ապացույցների հավաքման սկսվելուց գրեթե ութ ամիս անց, BBC-ի կողմից վկաների յոթ հարցաքննությունից հետո և այն պայմաններում, երբ ապացույցների հավաքման համար մնացել է ընդամենը երկու ամիս, կորպորացիան մինչ օրս չի կարողացել հարցաքննել գործի առանցքային դեմքին՝ իրեն՝ հայցվորին, և նույնիսկ չունի նման հարցաքննության ժամանակացույց»,- ասվում է դատական փաստաթղթում։

Թրամփը BBC-ի դեմ հայց է ներկայացրել 2025 թվականի դեկտեմբերին և պահանջում է առնվազն 5 միլիարդ դոլար մեղադրանքի երկու կետերից յուրաքանչյուրի համար։

Գործն առնչվում է BBC-ի վավերագրական ֆիլմին, որտեղ մոնտաժվել էին Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի երկու առանձին հատվածներ։ Մոնտաժի արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե նա իր կողմնակիցներին ուղիղ կոչ էր անում հարձակվել ԱՄՆ Կապիտոլիումի վրա։

BBC կորպորացիան ներողություն է խնդրել այդ մոնտաժի համար, որից հետո կորպորացիայի մի քանի բարձրաստիճան ղեկավարներ հրաժարական են տվել։

Միաժամանակ հեռարձակողը հերքում է, որ ֆիլմն իրական վնաս է պատճառել Թրամփին, և ձգտում է հասնել գործի կարճմանը։

Դատական գործընթացը նշանակված է 2027 թվականի փետրվարին։