Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։
Կասիսը նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Շվեյցարիան ողջունում է խաղաղության փաստաթղթի նախաստորագրումից հետո արձանագրված դրական դինամիկան և տեղում տիրող խաղաղությունը։ Այս ձեռքբերումները կայուն խաղաղության հնարավորություն են ստեղծում, ինչը չափազանց կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հումանիտար ոլորտում մարտահրավերներ կան, որոնց մասին մենք նույնպես խոսել ենք»,- նշել է Կասիսը։
Նա երկու երկրներին հորդորել է չդանդաղեցնել քայլերը՝ խաղաղության պայմանագրի կնքմանն ու հարաբերությունների փաստացի կարգավորմանը հասնելու համար։
«Հիմնվելով սեփական փորձի վրա՝ Շվեյցարիան պատրաստակամ է օժանդակելու այս գործընթացին, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն»,- նշել է Կասիսը։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Իգնասիո Կասիսն ընդգծել է, որ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք ծավալվող հակամարտություններում անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ դիվանագիտությանը, ինչի համար լայն հնարավորություններ է ընձեռում հենց ԵԱՀԿ հարթակը։





























